Արմեն Աշոտյան. Սրտի կաթվածը կարող էր առաջանալ այն սթրեսային պայմաններից, որում գտնվում էր կալանավորը, այն հետապնդումներից, այն կենցաղային պայմաններից, հոգեբանական ճնշումներից, ապրումներից, որոնք ուղեկցում են ցանկացած քաղաքական հետապնդում. «Հրապարակ»

Հարցազրույց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ

– Նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի քաղաքապետի թեկնածու Արսեն Գեւորգյանը, որն «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակով էր առաջադրվել։ Արդարադատության նախարարը կարծում է, որ «նման դեպքեր» պատահում են ամբողջ աշխարհում, այդ թվում՝ կալանավայրերում։ Դուք ի՞նչ եք կարծում` Արսենի մահը բնակա՞ն մահ էր` անխուսափելի։

– Նախ՝ իմ խորին ցավակցությունները Արսեն Գեւորգյանի ընտանիքին, ընկերներին, հարազատներին, քաղաքական թիմին՝ Արսենի անժամանակ մահվան կապակցությամբ, եւ իմ լիակատար աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի բերդերում նստած բոլոր հայ քաղբանտարկյալներին։ Արսենի մահը Նիկոլ Փաշինյանի ռեժիմի եւ իր խղճին է, մնացած բոլոր բացատրությունները, պաշտոնյաներից եկող ճամարտակությունները բացարձակ ցինիզմի դրսեւորում են։ Որպես դատական բժիշկ, իհարկե, պետք է փաստեմ, որ մահը լինում է ե՛ւ հանկարծակի, բայց այդ հանկարծակի մահը երբեք ինքնըստինքյան վրա չի հասնում, այն հասնում է ինչ-որ պատճառով։ Ես առաջ չեմ ընկնում դատաբժշկի պաշտոնական փորձաքննությունից, բայց ակնհայտ է, որ սրտի կաթվածը կարող էր առաջանալ այն սթրեսային պայմաններից, որում գտնվում էր կալանավորը, այն հետապնդումներից, այն կենցաղային պայմաններից, հոգեբանական ճնշումներից, ապրումներից, որոնք ուղեկցում են ցանկացած քաղաքական հետապնդում, եւ Արսենի մահը գուցե ֆիզիոլոգիական իմաստով բացատրելի է, բայց քաղաքական իմաստով ակնհայտ է, որ հանկարծամահության աղբյուրը, պատճառը, շարժառիթը, դրդապատճառը գործող ռեժիմն է։ Տիկին արդարադատության նախարարը վերջերս հաճախ է աչքի ընկնում՝ գնալով ավելի ցինիկ եւ անպարկեշտ պահվածքով, կարծես տպավորություն ունեմ, որ դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանական թիմի կին ներկայացուցիչների Ալեն Սիմոնյանը։ Երբ նիկոլական ռեպրեսիաները համեմատում ենք ստալինյան ռեպրեսիաների հետ, ապա պետք է հասկանալ՝ դրա տրամաբանական շարունակությունն է, որ Հայաստանի քրեակատարողական համակարգն էլ դառնում է յուրահատուկ փաշինյանական ԳՈՒԼԱԳ։ Թեպետ մարդ, որը մոտ երկու տարի բանտային անազատության մեջ է անցկացրել, պետք է փաստեմ, որ ՔԿՀ աշխատակազմերը փորձում են իրենց մասնագիտական եւ ծառայողական պարտականությունները կատարել օրենքի շրջանակներում՝ ելնելով տվյալ ենթակառուցվածքում առկա հնարավորություններից։ Ստալինյան ռեպրեսիաների ժամանակ միլիոնից ավելի մարդ մահացել է ճամբարներում, ըստ տիկին նախարարի տրամաբանության՝ բնական ճանապարհով, դե հիմա ես չեմ, դուք եք` ասեք՝ որքանով կընդունեք բացատրությունը, որ ստալինյան ճամբարներում մարդիկ մահացել են բնական պատճառներով։ Այդ տեսանկյունից տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան ժամանակների իրավապահ համակարգի արձագանքներից։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment