Զանգվածային հարձակում ՌԴ տարածաշրջանների վրա. երկու մարզում կան զոհեր և տուժածներ

Բաժանորդագրվել

Նախնական տվյալներով՝ Լենինգրադի մարզի երկնքում խոցվել է 150 անօդաչու։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՌԴ Սմոլենսկի մարզը գիշերը զանգվածային հարձակման է ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից, երկու մարդ զոհվել է։ Այս մասին հայտնել է մարզպետ Վասիլի Անոխինը։

Նրա խոսքով՝ գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերը ոչնչացրել են 37 անօդաչու թռչող սարք:

«Ցավոք, հարձակման հետևանքով Յարցևո քաղաքում կան զոհեր։ ԱԹՍ-ի բեկորներն ընկել են բազմահարկ շենքի վրա, հրդեհ է բռնկվել, երկու մարդ է զոհվել», – հայտնել է նա MAX հարթակում։

Պաշտոնյան նշել է, որ հրդեհի մարման ընթացքում ԱԻՆ աշխատակիցները տարհանել են բնակիչներին, հրդեհի անմիջական գոտուց դուրս է բերվել 10 մարդ:

Անցած գիշեր հարձակման է ենթարկվել նաև Լենինգրադի մարզը։ Մի քանի ԱԹՍ-ների հարձակումից հետո, ինչպես հայտնել է մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն, Ուստ-Լուգա նավահանգստային գոտում հրդեհ է բռնկվել, տուժել է երեք աշխատակից:

«Թիրախավորվել է Կինգիսեպսի շրջանում գտնվող Ուստ-Լուգա նավահանգստային գոտին։ Մի քանի ԱԹՍ-ների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել, տուժել է երեք աշխատակից, նրանց կյանքին վտանգ չի սպառնում», – գրել է նա MAX հարթակում՝ հավելելով, որ նախնական տվյալներով՝ մարզի երկնքում խոցվել է 150 անօդաչու թռչող սարք։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment