Փաշինյանի անիմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում. Հարութ Սասունյան 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել նոյեմբերի 6-ին Երևանում անցկացված Համաշխարհային հայկական գագաթնաժողովում։

2024 թվականին համանման գագաթնաժողովում ունեցած իր ելույթում Փաշինյանը վիրավորեց բոլորին՝ հայտարարելով, թե իր և իր լսարանի առջև ծառացած «ամենամեծ խնդիրը» հայրենասիրությունն է։ Նա նաև հանդես եկավ այն անհեթեթ պնդմամբ, թե հայ ժողովրդի մեջ հայրենասիրությունը սերմանել են օտար ուժերը։ Ավելին, նա հայտարարեց, թե Հայոց ցեղասպանության հիշատակումը խորհրդային քարոզչության գործիք է եղել։ Բացի այդ, Փաշինյանը նախատեց սփյուռքահայ լսարանին՝ քննադատելով և մերժելով Հայաստան ուղարկված նրանց մարդասիրական օգնությունը։

Այս տարվա գագաթնաժողովին Փաշինյանը դարձյալ իզուր վատնեց թե՛ իր, թե՛ հարյուրավոր հայրենասեր սփյուռքահայերի ժամանակը, որոնք թողել էին իրենց տներն ու աշխատանքը և հազարավոր դոլարներ ծախսել ավիատոմսերի, հյուրանոցների ու սննդի վրա՝ Հայրենիք այցելելու համար։

Փաշինյանը ոչ մի նոր բան չասաց, այլ կրկնեց «Իրական Հայաստանի» մասին իր քարոզչությունը, որն իրականում նրա «Կեղծ Հայաստանն» է։

Փաշինյանի ամենամեծ սխալն այն էր, որ նա 27 րոպե խոսեց առանց գրավոր տեքստի՝ պարզապես ասելով այդ պահին մտքին եկածը։ Նրա ասածների մեծ մասը որևէ աղերս չուներ ո՛չ Սփյուռքի, ո՛չ էլ որևէ այլ թեմայի հետ։

Նա սկսեց նրանից, իբր հայերն առաջին քրիստոնյա ժողովուրդը չեն, ինչը մի պահ ապշեցրեց լսարանին։ Այնուհետև նա բացատրեց այն, ինչ գիտի յուրաքանչյուր հայ՝ Հայաստանն առաջին պետությունն է, որ ընդունել է քրիստոնեությունը։ Դրանից հետո նա արժեզրկեց Հայաստանի կողմից քրիստոնեության ընդունման պատմական նշանակությունը՝ պնդելով, թե հայերն այն ընդունել են լոկ թագավորի հրամանով։

Իր ելույթի ընթացքում Փաշինյանը բազմիցս բացատրեց հայրենիքի և պետության միջև եղած տարբերությունը։ Հայերի մեծ մասը գիտի, որ դրանց միջև որևէ տարբերություն չկա։ Թեև ճիշտ է, որ անցյալում հայ ժողովուրդն ունեցել է շատ ավելի մեծ պետություն, և հուսով ենք, որ ապագայում դարձյալ կունենա, այնուամենայնիվ, այն, ինչ ունենք այսօր, և՛ մեր Հայրենիքն է, և՛ մեր պետությունը։ Դրանք նույն բանն են։

Փաշինյանը նույնիսկ հարցադրում արեց՝ արդյոք հայ ժողովուրդը գոյություն է ունեցել քրիստոնեության ընդունումից առաջ։ Ուրախ եմ, որ նա գոնե չհայտարարեց, թե մինչև 2018 թվականին իր իշխանության գալը ոչ հայեր կային, ոչ էլ Հայաստան։

Առանց որևէ ակնհայտ պատճառի՝ Փաշինյանն այնուհետև երկարաշունչ մեկնաբանություններ արեց հայ գյուղացիների մասին, որոնք չեն ցանկանում վարորդական իրավունքի վկայական կամ պետհամարանիշ ձեռք բերել, ինչպես նաև մեքենաների տեխնիկական զննում անցկացնել։ Այս հարցերից և ոչ մեկը չի առնչվում սփյուռքահայերին, որոնք Հայաստան էին ժամանել բոլորովին այլ նպատակով։

Այնուհետև Փաշինյանն անմտորեն պնդեց, թե Հայաստանի սահմանները թույլ չեն տալիս, որ հարևան Ադրբեջանն ու Թուրքիան ոտնձգություն կատարեն Հայաստանի տարածքի նկատմամբ։ Նա, ըստ երևույթին, հույս ուներ, որ ներկաները չեն հիշի, որ ադրբեջանական բանակը 2021-2022 թվականներից ի վեր բռնազավթել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ և շարունակում է մնալ այնտեղ։

Իր ելույթի վերջում Փաշինյանը կեղծ հայտարարություն արեց, թե Հայաստանը սփյուռքահայերին առաջարկում է «սեր և հարգանք»։ Իրականում պատկերը հակառակն է․ Հայաստանի կառավարությունը սփյուռքահայերից ոմանց արգելում է այցելել Հայրենիք՝ ընդգրկելով նրանց «սև ցուցակում» միայն այն պատճառով, որ վերջիններս տարաձայնություններ են ունեցել Հայաստանի իշխանությունների, մասնավորապես՝ Փաշինյանի հետ։ Վերջերս գրել էի ԱՄՆ քաղաքացի հանդիսացող մի հայուհու տխուր պատմության մասին, որին ձերբակալել էին Երևանի օդանավակայանում՝ Փաշինյանի հասցեին արված քննադատական մեկնաբանության պատճառով։ Այդ մեկնաբանությունը նա հրապարակել էր իր ֆեյսբուքյան էջում դեռ մեկ տարի առաջ՝ ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ։

Ես կանգ չեմ առնի Փաշինյանի կողմից տեղական տասնյակ քաղաքական ընդդիմախոսների ձերբակալությունների, ինչպես նաև առանց դատավարության նրանց գույքի ու բիզնեսների բռնագրավման փաստերի վրա։ Սակայն ոչ ոք չի համարձակվում մեղադրանք առաջադրել և ձերբակալել Փաշինյանին՝ Հայաստանի օրենքների բազմաթիվ խախտումների, այդ թվում՝ իր հայ ընդդիմախոսներին «սատկացնելու» սպառնալիքների համար։

Փաշինյանը մշտապես պարծենում է, թե ժողովրդավարություն և խաղաղություն է բերել Հայաստան։ Ցավոք, նա երկիրը վերածել է բռնապետության և կանգնած է Հայրենիքի մնացյալ հատվածը կործանելու եզրին։

Փաշինյանը նաև գովաբանեց ինքն իրեն՝ Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն ստեղծելու համար։ Սակայն, նա չի գիտակցում, որ ինքն ու այդ կառույցի իր նշանակած ղեկավարը՝ Զարեհ Սինանյանը, այրել են Հայաստանի և Սփյուռքի միջև եղած բոլոր կամուրջները։

Այնուհետև Փաշինյանը 22 րոպե հատկացրեց սփյուռքի լսարանի հարցերին պատասխանելուն։ Առաջին հարց տվողն իր դժգոհությունը հայտնեց Հայաստանի խորհրդարանում վերջերս տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ: Զարմանալիորեն,  Փաշինյանն անտեսեց քննադատությունը՝ հավելելով, որ ծեծկռտուքը ժողովրդավարության նշան է: Նա կեղծորեն հայտարարեց, թե նման ծեծկռտուքներ երբեք չեն լինում բռնապետական վարչակարգերում, այլ պատահում են միայն ժողովրդավարական երկրներում, ինչպիսին Հայաստանն է: Նա, հավանաբար, չի տեսել Թուրքիայի խորհրդարանում տեղի ունեցող դաժան բռնցքամարտերի կրկնվող նողկալի տեսարանները, մինչդեռ ոչ ոք Թուրքիան չի անվանի ժողովրդավարական պետություն: Փաշինյանը դարձյալ հակասեց ինքն իրեն՝ ասելով, թե չի ողջունում Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը, թեև ընդամնեը մեկ շաբաթ առաջ գովաբանել էր իր կուսակիցներին ծեծկռտուքին մասնակցելու համար:

Փաշինյանին ակնհայտորեն անհրաժեշտ է ելույթներ գրող փորձառու մասնագետ, ինչպես աշխարհի շատ երկրների ղեկավարների դեպքում է, որը կօգնի նրան խուսափել նման անհեթեթ հայտարարություններից։ Բարեբախտաբար, այս անգամ նրա ելույթը երկար չտևեց, ինչպես երկու տարի առաջ։

Չնայած Փաշինյանի ելույթի թերություններին և գագաթնաժողովի կազմակերպման վրա կառավարության կատարած ահռելի ծախսերին, որոնք կազմել են շուրջ 814 հազար դոլար, վստահ եմ, որ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հարյուրավոր հայեր անչափ ուրախ էին Հայրենիք այցելելու ընձեռնված հնարավորության համար։

 

Հարութ Սասունյան 

www.TheCaliforniaCourier.com

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment