Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունը հայտարարել է Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանում նոր արտադրական միավորի կառուցման համար շուրջ 6 միլիարդ թուրքական լիրա (120 միլիոն դոլար) ներդնելու ծրագրերի մասին։ Նախագծի նպատակն է տարեկան 600 հազար տոննայով ավելացնել դիզելային վառելիքի արտադրությունը՝ միաժամանակ պահպանելով ավիացիոն վառելիքի արտադրության ճկունությունը, գրում է Turkiye today-ը։
SOCAR Türkiye-ն միջազգային ընկերությունների կոնսորցիումի հետ ստորագրել է նախագծման, մատակարարման և շինարարության (EPC) պայմանագիր։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել առաջիկա օրերին, իսկ նոր արտադրական միավորը շահագործման կհանձնվի 2029 թվականի առաջին եռամսյակում։
Նոր՝ ավիացիոն վառելիքի արտադրության (Kero-Merox) միավորը կստանձնի ավիացիոն վառելիքի արտադրությունը՝ ազատելով գործող KHT միավորը դիզելային վառելիքի արտադրության համար։ KHT միավորը ևս կպահպանի ավիացիոն վառելիքի արտադրությանը վերադառնալու հնարավորությունը՝ կախված շուկայական պայմաններից։
SOCAR Türkiye-ի վերամշակման և նավթաքիմիական բիզնեսի ստորաբաժանման ղեկավար, ինչպես նաև Petkim Petrokimya Holding-ի գլխավոր գործադիր տնօրեն Քենան Միրզաևի խոսքով՝ նախագիծը ներդրում է, որի նպատակն է բարձրացնել արտադրության ճկունությունն ու էներգաարդյունավետությունը։
«Մեր ներդրման միջոցով նպատակ ունենք նպաստել դիզելային վառելիքի ներմուծումից Թուրքիայի կախվածության և ընթացիկ հաշվի պակասուրդի կրճատմանը»,- նշել է Միրզաևը։ Նա հավելել է, որ այս նախագծի իրականացումից հետո SOCAR-ի ընդհանուր ներդրումները Թուրքիայում կհասնեն 20 միլիարդ դոլարի։
Սկզբնապես տարեկան 10 միլիոն տոննա հում նավթ վերամշակելու համար նախագծված STAR նավթավերամշակման գործարանը հետագայում ընդլայնել է իր հզորությունը՝ հասցնելով 13 միլիոն տոննայի։ Այն դարձել է Թուրքիայի խոշորագույն առանձին նավթավերամշակման գործարանը։ Թուրքիայի էներգետիկ շուկայի կարգավորման մարմնի (EPDK) տվյալներով՝ 2025 թվականին գործարանը դիզելային վառելիքի արտադրությունն ավելացրել է 31%-ով՝ հասցնելով 6,8 միլիոն տոննայի։
STAR-ի՝ տարեկան լրացուցիչ 600 հազար տոննա դիզելային վառելիք արտադրելու նախատեսվող հզորությունը համարժեք կլինի Թուրքիայի տարեկան դիզելային վառելիքի ներմուծման շուրջ 4,4%-ին։
SOCAR-ն իր ավելի լայն ներդրումային ծրագրերն իրականացնում է նաև STAR գործարանի կառուցման մեջ կատարված շուրջ 7 միլիարդ դոլարի ներդրման միջոցով։ Գործարանը շահագործման է հանձնվել 2018 թվականի հոկտեմբերին։
Սկզբնապես նախատեսված լինելով այնպիսի տեսակների հում նավթի վերամշակման համար, ինչպիսիք են Azeri Light-ը, Kirkuk-ը և Urals-ը, գործարանն այժմ կարող է վերամշակել ավելի քան 20 տեսակի հում նավթ, թեև դրա աշխատանքի համար առավել հարմար են մնում ավելի ծանր տեսակները։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի