«Այն դիրքորոշումը, որը ԻԻՀ կառավարությունը խաղաղության խաչմերուկի վերաբերյալ ունի, ստորագրվել է Իրանի նախագահի այցի շրջանակներում ՀՀ վարչապետի հետ համատեղ հայտարարության մեջ։ Իրանի պաշտոնական դիրքորոշումը հայտնվում է Իրանի ԱԳ նախարարի և նախարարության խոսնակի միջոցով»,- փաստմանը՝ Իրանում կան երկու տարբեր հայտարարություններ ԹՐԻՓՓ-ի հետ կապված՝ մի կողմից խոսում են այն մասին, որ այդ նախագիծը կարող է վտանգավոր լինել այդ երկրի համար, մյուս կողմից իշխանության ներկայացուցիչները վստահում են ՀՀ կառավարությանը, և հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ Իրանում երկու տարբեր տեսակետներ կան այս հարցով, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին։
Իրանի նախագահի տեղակալը նշեց՝ Իրանը մշտապես շեշտադրում է երկու կարևոր կետ՝ առաջինը տարածաշրջանային անվտանգությունն է․ «Խաղաղությունը պետք է ապահովվի տարածաշրջանի երկրների միջոցով։ Իրանը կընդառաջի ցանկացած քայլի, որը կաջակցի տարածաշրջանի երկրների խաղաղությունն ու ապահովությունը պահպանելուն։ Ցանկացած այլ քայլ, որը կխոչընդոտի այս խաղաղության ու անվտանգության ամրապնդմանը, Իրանը կլինի դրա դեմ»։
Հարցին՝ Իրանի մտահոգությունները ՀՀ կառավարության կողմից տրված հավաստիացումներով փարատվե՞լ են, Իրանի նախագահի տեղակալն այսպես պատասխանեց․ «Մեկ անգամ ևս ցանկանում եմ կրկնել, որ մեզ համար ՀՀ-ի վարչապետ պարոն Փաշինյանը հարգալից, վստահելի անձ է։ Մենք իրենց հետ կապի մեջ ենք»։ Հարցին՝ ՀՀ-ի ինքնիշխանությունը շարունակո՞ւմ է կարմիր գիծ լինել Իրանի համար, Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին այսպես արձագանքեց․ «Ես տնտեսական ոլորտի պատասխանատու եմ, քաղաքական հարցերը քաղաքական գործիչներին հարցրեք»։
Հարցին՝ Իրանը պլանավորո՞ւմ է ավելի շատ գազ արտահանել ՀՀ և եթե այո՝ ե՞րբ և ի՞նչ գնով, Իրանի փոխնախագահը պատասխանեց․ «Քաջատեղյակ եք, որ Իրանն աշխարհի խոշորագույն գազի պաշարներ ունեցող երկրներից է։ Եվ եթե Իրանն ունենա հնարավորություն գազի արտահանման առումով, էլ ի՞նչ ավելի լավ գործընկեր, քան ՀՀ-ն է, որտեղ կարող ենք արտահանել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: