Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանում կայացած հայ-իրանական բարձրաստիճան հանդիպումների արդյունքում կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել առևտրի, էներգետիկայի, ենթակառուցվածքների և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու գազի արտահանումը Հայաստան։ Քննարկվել են նաև էլեկտրաէներգիայի, դիզելային և ավիացիոն վառելիքի մատակարարումների, ինչպես նաև Հայաստանի երկարաժամկետ էներգետիկ անվտանգության ապահովման հարցերը։

Անդրադառնալով Հայաստան գազի արտահանման հեռանկարներին՝ Փուրմոհամմադին նշել է, որ Իրանը գազի խոշորագույն պաշարներ ունեցող երկրներից է և պատրաստ է օգտագործելու արտահանման հնարավորությունները՝ Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու համար։

«Կարծում եմ՝ քաջատեղյակ եք, որ Իրանն աշխարհի խոշորագույն գազի պաշարներ ունեցող երկրներից է։ Եթե ունենա հնարավորություն գազի արտահանման առումով, էլ ի՞նչ ավելի լավ ընկեր, քան Հայաստանը, որին արտահանենք»,- ասել է նա։

Իրանի նախագահի տեղակալը տեղեկացրել է, որ աշխատանքային խմբերում քննարկվել են էներգետիկ համագործակցության տարբեր ուղղություններ՝ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումից մինչև դիզելային ու ավիացիոն վառելիք և Հայաստանի երկարաժամկետ էներգետիկ ապահովություն։

«Քննարկվել են էներգետիկ համագործակցության բոլոր ուղիները․ դա կլինի գազի ոլորտին, էլեկտրաէներգիային, դիզվառելիքի ոլորտին, օդանավի վառելիքի ոլորտին և նույնիսկ երկարաժամկետ Հայաստանի էներգետիկ ապահովման առումով։ Այս բոլոր հարցերը քննարկվել են, և դարձել է երկու կողմի համար ընդունելի փաստաթուղթ, որն էլ ստորագրվեց»,- նշել է Փուրմոհամմադին։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին ընդգծել է, որ բանակցությունները համապարփակ էին, և քննարկված բոլոր ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածություններն արձանագրվել են։

«Աշխատանքները բավականին համապարփակ էին… և չկա մի ոլորտ, որի վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերված չլինեն և արձանագրված չլինեն»,- ասել է փոխվարչապետը։

Գրիգորյանը համագործակցության հիմնական ուղղությունների թվում առանձնացրել է առևտուրը, էներգետիկան, մշակույթն ու ենթակառուցվածքները։ Նա մասնավորապես անդրադարձել է «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ընդլայնման հնարավորություններին։

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին վերահաստատել է Թեհրանի դիրքորոշումը, ըստ որի՝ տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը պետք է ապահովեն հենց տարածաշրջանի պետությունները։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես շեշտադրել է երկու կարևոր կետ․ առաջինն այն է, որ տարածաշրջանի անվտանգությունն ու խաղաղությունը պետք է ապահովվի և պահպանվի տարածաշրջանի երկրների միջոցով, և երկրորդն այն է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կընդառաջի ցանկացած քայլի, որը կաջակցի տարածաշրջանի ապահովությունը պահպանելուն և ամրապնդելուն»,- նշել է նա։

Իրանի նախագահի տեղակալը նաև ընդգծել է հայկական կողմի նկատմամբ վստահությունը՝ նշելով․ «Մեզ համար Հայաստանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Փաշինյանը հարգալից, վստահելի անձնավորություն են»։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է նաև Ղազախստանի տրանսպորտի նախարարի հետ հանդիպմանը և հայկական երկաթուղու կառավարումը ղազախական կողմին փոխանցելու հնարավորության վերաբերյալ տեղեկություններին։

Նա հերքել է, թե հանդիպման ընթացքում նման հարց է քննարկվել՝ պարզաբանելով, որ բանակցությունների հիմնական թեման միջազգային լոգիստիկ հնարավորություններն էին։

«Ես Ղազախստանի գործընկերոջս հետ ավելի շատ քննարկել եմ գլոբալ լոգիստիկ հնարավորությունները… Չինաստանից հետո Ղազախստանն է այն երկիրը, որով ամենայն հավանականությամբ տարանցումներ են տեղի ունենալու… Կառավարումը իրենց փոխանցելու… ես նման հարց չեմ քննարկել»,- ասել է Գրիգորյանը։

Փոխվարչապետի խոսքով՝ Ղազախստանի հետ քննարկումները վերաբերել են հնարավոր տարանցիկ փոխադրումներին և տարածաշրջանային տրանսպորտային կապերին, ոչ թե Հայաստանի երկաթուղու կառավարման փոփոխությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment