Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գավառում գործող հողի և ջրի անալիզի լաբորատորիայում ամեն օր հողի նմուշներ են հետազոտում՝ պարզելու, թե ինչ սննդանյութեր են պակասում, ինչ պարարտանյութ է անհրաժեշտ և ինչպես խուսափել հողն ու ջրային ռեսուրսներն ավելորդ քիմիական նյութերով աղտոտելուց։

Լաբորատորիայում այդպիսի հետազոտություններ իրականացվում են արդեն շուրջ մեկուկես տարի: Այն ստեղծվել է Գավառի համայնքապետարանի և Եվրամիության աջակցությամբ։

Հողի նմուշի հետազոտությունը մի քանի փուլով է իրականացվում։ Նախ՝ այն չորացվում է հատուկ սարքում, ապա մանրացվում ու մաղվում, հեռացվում են քարերն ու ավելորդ մասնիկները։

«Ապա կշռում ենք, ավելացնում համապատասխան նյութը: Նյութից հետո DR3900 սարքի միջոցով որոշում ենք տվյալ սննդատարրի պարունակությունը»,- գործընթացը ներկայացնում է լաբորատորիայի պատասխանատու Գուրգեն Մուխսիխչոյանը։

Ըստ լաբորատորիայի պատասխանատուի՝ ամբողջ գործընթացն առավելագույնը մեկ օր է տևում։ Արդյունքներից ֆերմերները տեղեկանում են, թե մեկ հեկտար հողատարածքին որքան ազոտական, ֆոսֆորական, կալիումական կամ կալցիումական պարարտանյութ է անհրաժեշտ։

Պատասխանատուի խոսքով՝ լաբորատորիայի աշխատանքը կարևոր է ոչ միայն գյուղատնտեսական արտադրողականության բարձրացման, այլև բնապահպանական խնդիրների տեսանկյունից։ Պարարտանյութի անհրաժեշտ քանակը որոշելու միջոցով հնարավոր է խուսափել դրա ավելորդ օգտագործումից և նվազեցնել հողից քիմիական նյութերի՝ անձրևաջրերի միջոցով Սևանա լիճ հասնելու վտանգը։

Լաբորատորիան սպասարկում է ոչ միայն Գեղարքունիքի, այլև այլ մարզերի ֆերմերներին։ Հիմա իրականացվում են ջրի քիմիական հետազոտություններ, իսկ առաջիկայում նախատեսում են ընդլայնել հնարավորությունները՝ հիմնելով նաև մանրէաբանական լաբորատորիա։ Դա հնարավորություն կտա ստուգել ոռոգման և խմելու ջրի որակը։

Ապագա լաբորատորիայի տեխնիկական հագեցմանը ևս աջակցել են Եվրամիությունն ու GIZ-ի կողմից իրականացվող ECOserve բնապահպանական ծրագրի աջակցությամբ։ Ձեռք բերված սարքավորումները հնարավորություն են տվել տեղում իրականացնել հողի և ջրի հետազոտություններ, իսկ նախատեսվող ընդլայնումը պետք է մեծացնի մատուցվող ծառայությունների շրջանակը։
Հողի և ջրի անալիզի լաբորատորիան Սևանա լճի հարակից համայնքներում հողօգտագործման կայուն գործելակերպի խթանման և ջրային ռեսուրսների կառավարման բարելավմանն ուղղված ավելի լայն բնապահպանական նախաձեռնությունների մաս է։

COP17-ի շրջանակում 10 օր շարունակ Եվրամիությունը «Կանաչ գոտու» տաղավարում ներկայացրել է Հայաստանում իրականացվող բնապահպանական ծրագրերն ու նախաձեռնությունները՝ ցույց տալով, թե ինչպես են կենսաբազմազանության պահպանության գլոբալ նպատակները կյանքի կոչվում տեղական համայնքներում՝ կոնկրետ նախաձեռնությունների միջոցով։

Վերջին տարիներին ԵՄ-ն ավելի քան 100 միլիոն եվրո է տրամադրել Հայաստանում շրջակա միջավայրի պահպանության և ջրային ոլորտի ծրագրերին։ Աջակցությունն ուղղված է ինչպես բնապահպանական կառավարման համակարգի բարելավմանն ու համապատասխան կառույցների ամրապնդմանը, այնպես էլ էկոհամակարգերի պահպանությանը, համայնքների զարգացմանն ու կայուն կենսապայմանների ապահովմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան

Leave a comment