Հաց-հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Կասեցվել է «Նոր Զովք» -ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը, հայտնում են ՍԱՏՄ-ից։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Նոր Զովք» ՍՊ ընկերությանը պատկանող Երևանի Դավիթ Բեկի 7/3 հասցեում գործող հաց-հացաբուլկեղենի արտադրամասում և հայտնաբերել օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:
Մասնավորապես, արտադրական շինության կառուցվածքը չի բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը։
Բացի այդ, դրսի դուռը բացվել է անմիջապես արտադրամասի մեջ, որը գտնվում է սուպերմարկետին կից և որտեղից ներս ու դուրս են տարվում սուպերմարկետին վերաբերող բոլոր տեսակի սննդամթերքները, ինչպես նաև տնտեսական ապրանքները։
Պատերի մակերևությների որոշ հատվածներ վնասված են եղել, չեն ունեցել հարթ մակերես, առաստաղն ունեցել է վնասված հատվածներ, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, մասնիկների թափվելու հնարավորությունը, ինչպես նաև չի եղել հանդերձարան անձնակազմի համար։
Գերատեսչությունից հայտնում են, որ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը մեկնաբանություն ստանալու նպատակով հարցում է ուղարկել «Նոր Զովք» ՍՊԸ-ին։