Արթուր Դանիելյանի և Վահրամ Սահակյանի գործերը՝ խոսքի ազատության սահմանափակման մտահոգությունների կենտրոնում
Հայաստանում սոցիալական ցանցերի գրառումների համար քրեական հետապնդումները կրկին մտահոգություններ են առաջացնում խոսքի ազատության վերաբերյալ։
Գրող Վահրամ Սահակյանի և ընդդիմադիր գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը մտահոգություններ են առաջացրել Հայաստանում խոսքի ազատության սահմանափակման, իրավապահ մարմինների կողմից օրենքի ընտրովի կիրառման և քրեական հետապնդման միջոցների համաչափության վերաբերյալ։
«ՔՀԿ Մետր» (CSO Meter) նախաձեռնության հրապարակման համաձայն՝ սոցիալական ցանցերում կատարված հրապարակումների, այդ թվում՝ կոշտ կամ վիրավորական արտահայտություններ պարունակող գրառումների առնչությամբ քրեական գործերի հարուցումը կարող է զսպող ազդեցություն ունենալ հանրային քննարկումների և խոսքի ազատության իրացման վրա։
Թեև խոսքի ազատությունը կարող է սահմանափակվել բռնության իրական հրահրման, ատելության խոսքի կամ սպառնալիքների դեպքերում, առցանց արտահայտությունների համար քրեական մեղադրանքների առաջադրումը, ձերբակալություններն ու սահմանափակող միջոցների կիրառումը հարցեր են առաջացնում դրանց համաչափության և իրավապահ մարմինների գործողությունների հետևողականության վերաբերյալ։
Վահրամ Սահակյանի և Արթուր Դանիելյանի գործերը
2026 թվականի սեպտեմբերի վերջին գրող և դրամատուրգ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել 2025 թվականի հունվարին «Ֆեյսբուք»-ում կատարած գրառման առնչությամբ, որն, ըստ իրավապահ մարմինների, պարունակել է ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի քարոզչություն։
Քրեական հետապնդումն իրականացվում է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով։ Հետագայում դատարանը Սահակյանի նկատմամբ կիրառել է վերահսկողություն և արգելել նրան հրապարակային գրառումներ կատարել։ Նրա փաստաբանը վիճարկել է մեղադրանքները՝ պնդելով, որ իրավապահ մարմինները ընտրովի կերպով հետևում են ընդդիմադիր գործիչների հրապարակումներին։
Մյուս դեպքը վերաբերում է ընդդիմադիր գործիչ Արթուր Դանիելյանին, որը ձերբակալվել է, իսկ հետագայում նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանքը։ Ձերբակալությունից կարճ ժամանակ առաջ Դանիելյանը «Ֆեյսբուք»-ում կատարած գրառման մեջ վիրավորական արտահայտություններ էր օգտագործել Հայաստանի վարչապետի հասցեին։
Դանիելյանի փաստաբանը հայտարարել է, որ նրա ֆեյսբուքյան մի քանի գրառումներ որակվել են որպես խուլիգանություն, իսկ հետագայում լրացուցիչ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածով, որը վերաբերում է դատավորների, դատախազների, քննիչների և արդարադատության ոլորտի այլ ներկայացուցիչների նկատմամբ սպառնալիքներին կամ նրանց վերաբերյալ տեղեկությունների հրապարակմանը։
Երկուսն էլ հայտնի են իշխանության ներկայացուցիչների հասցեին հնչեցրած իրենց կոշտ քննադատությամբ։ Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ Դանիելյանի գործի առնչությամբ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը բնութագրելով որպես Հայաստանում խոսքի ազատության իրացման դեմ քրեական արդարադատության գործիքների շարունակական կիրառման հերթական դրսևորում։
Հայտարարության հեղինակները պնդում են, որ քրեական հետապնդումն ակնհայտորեն ապօրինի, անհամաչափ և քաղաքական դրդապատճառներով պայմանավորված է, իսկ Դանիելյանի նկատմամբ երկամսյա նախնական կալանքի կիրառումը հատկապես անհամաչափ է՝ մասնավորապես հաշվի առնելով արտաքին աշխարհի հետ նրա հաղորդակցության նկատմամբ սահմանված սահմանափակումները։
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կոչ են արել ՀՀ գլխավոր դատախազությանը և Քննչական կոմիտեին վերացնել Արթուր Դանիելյանի նկատմամբ կիրառված կալանքը և դադարեցնել խոսքի ազատության իրացման հիմքով հարուցված քրեական հետապնդումը։
Նրանք նաև պահանջել են բացառել քրեական արդարադատության գործիքների ապօրինի և անհամաչափ կիրառումը՝ ուղղված այլախոհությունը կամ իշխող քաղաքական ուժի, ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց կամ պետական մարմինների հասցեին հնչեցվող քննադատությունը լռեցնելուն։
Քաղաքացիական հասարակությունը մտահոգված է օրենքի ընտրովի կիրառմամբ
«ՔՀԿ Մետր»-ի հրապարակման համաձայն՝ այս դեպքերը պետք է դիտարկել խոսքի ազատության սահմանափակման և քրեական օրենսդրության ընտրովի կիրառման վերաբերյալ ավելի վաղ բարձրաձայնված մտահոգությունների համատեքստում։
Թեև Հայաստանը 2022 թվականին ապաքրեականացրել է «ծանր վիրավորանքը», վերջին դեպքերը ցույց են տալիս, որ վիրավորական կամ կոշտ արտահայտությունների համար քրեական հետապնդման ռիսկը կարող է պահպանվել Քրեական օրենսգրքի այլ դրույթների կիրառմամբ։
Մասնավորապես, խոսքի հետ կապված քրեական վարույթները կարող են իրականացվել ատելության հրահրմանը, բռնության կոչերին, խուլիգանությանը և արդարադատության ոլորտի ներկայացուցիչների նկատմամբ սպառնալիքներին վերաբերող հոդվածներով։
«ՔՀԿ Մետր»-ի՝ Հայաստանի վերաբերյալ նախորդ զեկույցներում նշվել է, որ իրավապահ մարմինների գործողությունները հաճախ կենտրոնանում են պետական պաշտոնյաների և քաղաքական գործիչների հասցեին արված հայտարարությունների վրա, մինչդեռ խոցելի խմբերի դեմ ուղղված ատելության խոսքի դեպքերը միշտ չէ, որ քննվում են նույն հետևողականությամբ։
Նման մտահոգություններ նախկինում առաջացել էին նաև ակտիվիստ Արթուր Օսիպյանի նկատմամբ քրեական հետապնդման և նախնական կալանքի կիրառման առնչությամբ։ Երեքշաբաթյա հացադուլից հետո Օսիպյանն ազատ էր արձակվել ՔՀԿ ղեկավարների միջնորդությունների հիման վրա, որոնք պատրաստակամություն էին հայտնել հանդես գալ որպես երաշխավորներ։
Հայաստանի քաղաքական իրավունքների կենտրոնը ևս անդրադարձել է խնդրին՝ նշելով, որ ատելության խոսքը քրեականացնող դրույթների կիրառման արդյունքում պետական պաշտոնյաների հասցեին հնչեցվող քննադատությունը երբեմն ոչ իրավաչափորեն նույնացվում է քաղաքական հայացքների հիմքով ատելության դրսևորման հետ։ Ըստ կենտրոնի՝ դա կարող է նեղացնել պաշտոնատար անձանց նկատմամբ թույլատրելի քննադատության շրջանակը։
Խիստ միջոցները կարող են զսպող ազդեցություն ունենալ հանրային քննարկումների վրա
Մեդիափորձագետներն ու իրավապաշտպանները նախազգուշացրել են, որ սոցիալական ցանցերում կատարված հրապարակումներին հաջորդած ձերբակալություններն ու կալանավորումները կարող են հասարակությանը ազդակ հաղորդել, որ առցանց արտահայտությունների համար հնարավոր է ենթարկվել խիստ սահմանափակումների։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) ուղեցույցի համաձայն՝ խոսքի ազատության սահմանափակումները պետք է լինեն օրինական, անհրաժեշտ և համաչափ։ Միջազգային չափանիշները նաև ընդգծում են, որ քաղաքական գործիչներն ու պետական պաշտոնյաները պարտավոր են հանդուրժել քննադատության ավելի բարձր աստիճան, այդ թվում՝ կոշտ, սադրիչ կամ անհանգստություն պատճառող արտահայտությունները։
«ՔՀԿ Մետր»-ի գնահատմամբ՝ վերջին քրեական գործերն ընդգծում են խոսքի հետ կապված վարույթների նկատմամբ առավել զգուշավոր և հետևողական մոտեցման անհրաժեշտությունը։
Դատախազական մարմինների և դատարանների հետագա որոշումները կարևոր կլինեն պարզելու համար, թե արդյոք քրեական մեղադրանքների և սահմանափակող միջոցների կիրառման ժամանակ պատշաճ կերպով հաշվի են առնվում համաչափության սկզբունքը և պակաս սահմանափակող այլընտրանքների հնարավորությունը։
Միաժամանակ, սպառնալիքների և ատելության խոսքի դեպքերի հետևողական քննությունը՝ անկախ նրանից, թե ում դեմ են դրանք ուղղված, կարող է նպաստել արդարադատության համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը։
Նյութը պատրաստվել է CSO Meter («ՔՀԿ Մետր») նախաձեռնության հրապարակման հիման վրա՝ թարգմանությամբ և կրճատումներով։