ՔԿ․ Քրեական հեղինակությանը մեղադրվում է 3500 դոլար և 2 միլիոն դրամ պահանջելու մեջ

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ վերջինս երկու առանձին դրվագներով միջամտել է քաղաքացիների միջև առաջացած խնդիրներին՝ դրա դիմաց պահանջելով ֆինանսական փոխհատուցում։

Քննչական կոմիտեի իրականացրած քննչական ու ապացուցողական գործողությունների, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել Գ.Պ.-ի ենթադրյալ հանցավոր գործունեության վերաբերյալ։

Ըստ իրավապահների՝ Գ.Պ.-ն քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցած, այժմ հանգուցյալ Մ.Պ.-ի որդին է։ Նախաքննության տվյալներով՝ նա նույնպես ձեռք է բերել և պահպանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ՝ դրանից բխող հեղինակությունն ու ազդեցությունն օգտագործելով այլ անձանց միջև ծագած տարաձայնությունների կարգավորմանը միջամտելու համար։

Քննչական մարմնի գնահատմամբ՝ այդ գործողությունների հիմնական նպատակը եղել է անօրինական նյութական օգուտ ստանալը։

Նախաքննությամբ պարզվել է, որ 2025 թվականի սեպտեմբերին Գ.Պ.-ն տեղեկացել է երկու քաղաքացիների միջև դրամական պարտավորությունների պատճառով առաջացած վեճի մասին։ Իր մտերիմ Կ.Ղ.-ի միջնորդությամբ նա ներգրավվել է խնդրի կարգավորման գործընթացում՝ առաջնորդվելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը բնորոշ վարքագծի կանոններով։

Այդ ընթացքում Գ.Պ.-ն հեռախոսային կապ է հաստատել վեճի մասնակիցների և այլ անձանց հետ։ Ըստ քննության՝ նա գործադրել է իր հեղինակությունն ու ազդեցությունը՝ միաժամանակ հայտնելով, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է գործընթացում ներգրավել նաև իր հետ մտերիմ բազմաթիվ անձանց։

Նշված միջամտության դիմաց Գ.Պ.-ն պահանջել է 3500 ԱՄՆ դոլար։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ պահանջված գումարը նա ստացել է ոչ թե անմիջական դրամական փոխանցմամբ, այլ տուժողին փաստացի պատկանող ավտոմեքենան իրական արժեքից 3500 դոլարով ավելի էժան ձեռք բերելու միջոցով։

Քրեական վարույթով ուսումնասիրվել է նաև ենթադրյալ շորթման մեկ այլ դրվագ։

Քննությամբ ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ Գ.Պ.-ն իմացել է քաղաքացու անձնական կյանքին առնչվող որոշ հանգամանքների մասին, որից հետո նրան ծեծի է ենթարկել։

Այնուհետև, այդ տեղեկություններն այլ անձանց չփոխանցելու և քաղաքացուն հետագա խնդիրներից պաշտպանելու պատրվակով, նա վերջինիս եղբորից պահանջել է 2 միլիոն ՀՀ դրամ։

Հետագայում պահանջվող գումարի չափը նվազեցվել է՝ կազմելով 2000 դոլար։

Նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ Գ.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալուն, ստանալուն կամ պահպանելուն։

Նրան մեղադրանք է առաջադրվել նաև Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով՝ խոշոր չափերով շորթում կատարելու համար։

Գործով անցնող Կ.Ղ.-ի նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրանում ներգրավելու մեղադրանքով։

Գ.Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը, իսկ Կ.Ղ.-ի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն։

Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Գործի նյութերը մեղադրական եզրակացությամբ փոխանցվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և քրեական գործը դատական քննության ուղարկելու միջնորդությամբ։

Leave a comment