Քաղաքականություն
10.11.2026 | 17:08
Երեքշաբթի Իսպանիայի հյուսիսում՝ Օվիեդո քաղաքում, պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ ծանր վիրավորվել։ Այդ մասին հայտնել են տեղական իշխանությունները, գրում է Reuters-ը։
Ոստիկանները դեպքի վայր էին ժամանել՝ երկու ընտանիքների միջև տեղի ունեցած բռնի վեճին արձագանքելու նպատակով։ Վեճի ընթացքում մի տղամարդ հրազենով վիրավորել է երիտասարդ կնոջը, հայտնել է քաղաքապետարանի ներկայացուցիչը՝ հավելելով, որ կնոջ կյանքին այլևս վտանգ չի սպառնում։
Ոստիկանության JUPOL արհմիությունը հայտարարության մեջ հայտնել է, որ զոհված ոստիկանը Ազգային ոստիկանության կինոլոգիական ստորաբաժանման աշխատակից էր, իսկ վիրավորված ոստիկանը՝ պայթուցիկ սարքերի վնասազերծման ստորաբաժանման անդամ։ Վերջինիս վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Նա կորցրել է մեկ ոտքը։
Արհմիության հաղորդմամբ՝ Օվիեդոյի ծայրամասում հրաձգության վայր ժամանած ոստիկանները շենքի մուտքի մոտ հայտնաբերել են ուսապարկ, որի մեջ պայթուցիկ սարք է եղել։ Այն պայթել է այն պահին, երբ ոստիկանները փորձել են պայուսակը հեռացնել շենքից՝ պայթուցիկը վնասազերծելու համար։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի