ԵՄ-ն 43 մլրդ եվրո կծախսի Չինաստանից անկախանալու համար

Եվրամիությունը մտադիր է ընդօրինակել Չինաստանի փորձը՝ հազվագյուտ հողային մետաղների արդյունահանման և վերամշակման ոլորտների զարգացման հարցում՝ ներմուծումից կախվածությունը նվազեցնելու նպատակով։ Տասնյակ ռազմավարական նախագծերի իրականացման համար կպահանջվի ավելի քան 43 մլրդ եվրո, մինչդեռ կարևորագույն հումքի մատակարարումների խափանումներից հնարավոր վնասը գնահատվում է 1.5 տրիլիոն դոլար։

Ինչպես գրում է Bloomberg-ը, եվրոպական մատակարարման նոր շղթայի հիմքը կարող է դառնալ Հյուսիսային Եվրոպան, որտեղ գտնվում են հազվագյուտ հողային տարրերի խոշոր հանքավայրերը։ Առանձնահատուկ դեր է վերապահվում շվեդական պետական LKAB ընկերությանը, որը նախատեսում է այդ մետաղներն ստանալ երկաթի հանքաքարի վերամշակման ընթացքում։

Չինաստանը վերահսկում է հազվագյուտ հողային տարրերի համաշխարհային արդյունահանման շուրջ 60%-ը և դրանց վերամշակման ավելի քան 90%-ը։ Այս նյութերն անհրաժեշտ են մշտական մագնիսների արտադրության համար, որոնք օգտագործվում են էլեկտրամոբիլների, հողմային տուրբինների, էլեկտրոնիկայի, ավիացիոն տեխնիկայի և սպառազինության արտադրության մեջ։

Կախվածությունը նվազեցնելու նպատակով ԵՄ-ն մտադիր է զարգացնել սեփական արդյունահանման, վերամշակման և երկրորդային հումքի վերամշակման ոլորտները։ Կրիտիկական նշանակության օգտակար հանածոների ոլորտում նախագծերին աջակցելու համար նախատեսվել է 3 մլրդ եվրոյի ֆինանսավորում։

Հիմնական նախագծերից մեկը կլինի LKAB ընկերության վերամշակման համալիրը՝ շվեդական Լուլեո քաղաքում։ Ընկերությունն արդեն շուրջ 800 մլն շվեդական կրոն կամ 85 մլն դոլար է ներդրել տեխնոլոգիայի զարգացման համար։ Ամբողջական արտադրական հզորությամբ ձեռնարկությունը կարող է շահագործման հանձնվել 2030-ականների սկզբին։

Այլ նախագծեր իրականացվում են Գրենլանդիայում, Ֆինլանդիայում, Նորվեգիայում և Էստոնիայում։ Մասնավորապես, Նորվեգիայում մշակվում է Fen Carbonite Complex հանքավայրը, որի պաշարները գնահատվում են 15.9 մլն տոննա հազվագյուտ հողային տարրերի օքսիդներ։

Այնուամենայնիվ, ոլորտի ներկայացուցիչները նախազգուշացնում են, որ շուկայական մեխանիզմները բավարար չեն անկախ արդյունաբերական շղթա ստեղծելու համար։ Եվրոպան մտադիր է կիրառել պետական աջակցության չինական փորձը, այդ թվում՝ սուբսիդիաներ, ներդրումներ և գնումների երկարաժամկետ համաձայնագրեր։

Միևնույն ժամանակ եվրոպական ընկերությունները խոստովանում են, որ տեղական հումքից արտադրված արտադրանքը պարտադիր չէ, որ չինականից ավելի էժան լինի։ ԵՄ-ի գլխավոր նպատակը տնտեսության ռազմավարական ոլորտների համար անհրաժեշտ նյութերի մատակարարման կայունությունն ապահովելն է։

Leave a comment