Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները

Բաժանորդագրվել

Թուրք նախարարը հայտնել է, որ հարցը քննարկել են նաև հայ գործընկերոջ հետ։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ ինչպես երկաթուղային անցակետի, այնպես էլ «Ալիջան» (հայկական կողմից՝ «Մարգարա») ավտոմոբիլային անցակետի բացման նախապատրաստական աշխատանքները։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Թուրք նախարարը հայտնել է, որ այդ հարցը քննարկել են նաև հայ գործընկերոջ հետ։

Ուրալօղլուն նշել է` եթե փոխադարձ համաձայնություն ձեռք բերվի, ապա գործընթացը շատ ժամանակ չի պահանջի, և սահմանային անցումները շուտով կբացվեն։

Հիշեցնենք, որ «Մարգարա» անցակետը չի գործում։ Վերջին տարիներին 3 անգամ է բացվել, առաջինը` 2023 թվականին` Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, երբ Հայաստանը փետրվարի 8-ին 27 փրկարար ուղարկեց Թուրքիայի աղետի գոտի, իսկ փետրվարի 11-ին և 15-ին` մարդասիրական օգնություն։ Երկրորդ անգամ բացվեց 2025 թ. մարտի 21-ին` Սիրիա մարդասիրական բեռներ ուղարկելու համար։
Երրորդ անգամ այն բացվել է 2026 թ. հունիսի 12-22-ը՝ Թուրքիայի տարածքով Լիբանան մարդասիրական օգնություն ուղարկելու համար։
Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի սկզբին ՀՀ ԱԳՆ-ից Sputnik Արմենիային տեղեկացրել էին, որ «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման։ Նշվում էր, որ հայկական կողմը Թուրքիայից դրական ազդակներ է ակնկալում երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանը բացելու վերաբերյալ։

Հայկական կողմը անցակետի արդիականացման և վերազինման համար շուրջ 760 մլն դրամ է ծախսել:

Leave a comment