Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նիստի մեկնարկից առաջ կազմակերպության անդամ երկրների պատվիրակությունները հավաքվել են համատեղ լուսանկարվելու համար, ՀՀ ներկայացուցիչներ չեն եղել, սակայն Հայաստանի պետական դրոշը տեղադրված է մյուս անդամ երկրների դրոշների շարքում։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը տեղեկացրել էր, որ Հայաստանը կարող է արդեն հաջորդ շաբաթ զրկվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ձայնի իրավունքից, և որ հարցը քննարկվելու է նոյեմբերի 11-ին:
Ռուսաստանցի պաշտոնյայի պարզաբանմամբ՝ նման զարգացումը կարող է պայմանավորված լինել կազմակերպության անդամավճարների գծով Երևանի կուտակած պարտքով։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ կողմ է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից Հայաստանի հեռացմանը։ Նա նաև նշել էր, որ գոհ կլինի, եթե նման որոշում կայացվի։
Փաշինյանի խոսքով՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում Հայաստանը մտադիր չէ ակտիվացնել իր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին։ Վարչապետը հայտարարել է, որ կազմակերպության նկատմամբ Երևանի հետաքրքրությունն արդեն սպառվել է։