Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկությունը լուսանկարելու և արդյունքը ստուգելու դեպքով 2 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։
Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ փոխանցվել են հսկող դատախազին։
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որոնք վկայում են ընտրողի քվեարկության արդյունքի բացահայտման և այն մեկ այլ անձի կողմից ստուգելու մասին։
Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ Ա.Հ.-ն 2026 թվականի հունիսի 7-ին, մասնակցելով Ազգային ժողովի հերթական ընտրություններին թիվ 17/66 ընտրատեղամասում, շահադիտական նպատակով լուսանկարել է իր քվեարկության արդյունքը բացահայտող գործողությունը։ Նա լուսանկարել է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ տեղադրելու պահը։
ՔԿ-ի տվյալներով՝ ընտրություններից մեկ օր անց՝ հունիսի 8-ին, Ա.Հ.-ն լուսանկարն ուղարկել է Ա.Ս.-ին՝ այդպիսով վերջինիս հասանելի դարձնելով տեղեկությունն այն մասին, թե որ քաղաքական ուժի օգտին է քվեարկել։
Ստանալով քվեարկության արդյունքը բացահայտող լուսանկարը՝ Ա.Ս.-ն ստուգել է Ա.Հ.-ի կատարած ընտրությունը։ Քննչական մարմնի գնահատմամբ՝ այդ գործողությամբ խախտվել է քվեարկության գաղտնիության սկզբունքը։
Ձեռք բերված տվյալների հիման վրա Ա.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է քվեարկության գաղտնիությունը խախտելուն։
Ա.Ս.-ի նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնվել նույն օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ընտրողի քվեարկած քվեաթերթիկը քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ստուգելու համար։