Էրիկ Կակոյանին կյանքից զրկելու մեջ կասկածվողը Վալերի Հակոբյանն է․ ի՞նչ են պատմում Ավանի բնակիչները

Նոյեմբերի 8-ին Երևանում հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է 29-ամյա Էրիկ Կակոյանը, որը նախորդ օրը դանակահարվել էր։

Դեպքի առնչությամբ ձերբակալված երիտասարդը, ըստ հրապարակված տեղեկությունների, Վալերի Հակոբյանն է։ Ոստիկանության տվյալներով՝ նա հաշվառված է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում։

MediaHub-ը զրուցել է Ավանի բնակիչներից մեկի հետ, որը պատմել է, որ Վալերի Հակոբյանին թաղամասում ճանաչում էին որպես խնդրահարույց և, իր գնահատմամբ, վտանգավոր վարքագիծ դրսևորող երիտասարդի։

«Նա բավականին վտանգավոր երիտասարդ էր։ Մեր տեղեկություններով՝ գողություն էր կատարել, նույնիսկ ոստիկանություն էին տարել, 2 անգամ դատապարտված է եղել։ Նրա հայրը տաքսու վարորդ է, մայրը՝ կարի արտադրամասում է աշխատում։ Ընտանիքի մյուս անդամների վարքագծի վերաբերյալ նույնպես թաղամասում դրական կարծիքներ չունեն։ Վալերիի հոգեկան առողջությունը խորացել է պատերազմից հետո։ Ընդհանուր առմամբ, այդ երիտասարդի ու իր ընտանիքի մասին Ավանում վաղուց էին խոսում»,- MediaHub-ի հետ զրույցում ասել է բնակիչը։

Դեպքի և երիտասարդի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով MediaHub-ը կապ է հաստատել «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի հետ։ Կենտրոնի ներկայացուցիչները, սակայն, հրաժարվել են մեկնաբանություն տրամադրել։

Մինչ իրավապահները շարունակում են դեպքի հանգամանքների պարզումը, Էրիկ Կակոյանի մահը կրկին ուշադրության կենտրոն է բերում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման, վերահսկողության և հասարակական անվտանգության ապահովման հետ կապված հարցերը։

 

Հունան Թադևոսյան

Leave a comment