Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի՝ քրեակատարողական հիմնարկում մահվան ցնցող դեպքին: Նախարարի խոսքով՝ մինչ այդ կալանավորված գործիչը առողջական խնդիրների կամ ինքնազգացողության կտրուկ վատացման մասին որևէ բողոք չի ներկայացրել:
«Ցավոք սրտի, նման դեպքեր տեղի են ունենում ինչպես համաշխարհային պրակտիկայում, այնպես էլ մեր քրեակատարողական հիմնարկներում։ Արձանագրվել է հանկարծակի սրտի կանգ։ Վաղ առավոտյան նա դժգոհել էր ինքնազգացողությունից, արդեն ժամը 7։55-ի սահմաններում հերթապահ բուժակն այցելել ու զննել էր նրան, իսկ կարճ ժամանակ անց կանչված շտապօգնության բրիգադն արձանագրել էր կենսաբանական մահը»,— մանրամասնել է նախարարը։
Հիշեցնենք, որ 46-ամյա Արսեն Գևորգյանը հոկտեմբերի 21-ին Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ կալանավորվել էր երկամսյա ժամկետով՝ ընտրակաշառք տալու և դրան օժանդակելու մեղադրանքով: Քրեակատարողական ծառայության տվյալներով՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող կալանավորի մոտ առավոտյան նկատված ինքնազգացողության վատթարացումից հետո հրավիրված շտապօգնության անձնակազմն արդեն ժամը 08։30-ին գրանցել է նրա մահը:
Մահվան այս հանգամանքն արդեն իսկ բուռն արձագանք է գտել հանրային ու քաղաքական շրջանակներում. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել կտրուկ հայտարարությամբ՝ կատարվածի ամբողջ պատասխանատվությունը ուղղակիորեն դնելով երկրի իշխանությունների վրա: