CNBC-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերին ԱՄՆ անշարժ գույքի շուկայում վաճառքի համար առաջարկվող տների քանակը տարեկան կտրվածքով աճել է 7.4%-ով՝ հասնելով 183 500-ի։ Միևնույն ժամանակ բնակարանների առուվաճառքի չավարտված գործարքների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 16.8%-ով։ Սա 2023 թվականի օգոստոսից ի վեր ամենամեծ անկումն է։
Չնայած հիփոթեքային բարձր տոկոսադրույքների պատճառով պահանջարկի նվազմանը՝ վաճառողները հրաժարվում են իջեցնել գները։ Realtor.com-ի տվյալներով՝ հոկտեմբերին գների զիջումների է գնացել սեփականատերերի միայն 20%-ից փոքր-ինչ ավելին։
Ընկերության գլխավոր փորձագետ Դանիել Հեյլը նշել է, որ շուկան սառչում է երկու կողմերից էլ․ գնորդները հետ են կանգնում ցածր գնողունակության պատճառով, իսկ վաճառողները գնալով ավելի հազվադեպ են իրենց անշարժ գույքը հանում վաճառքի։ ԱՄՆ-ում տիպային տան հիփոթեքային վարկի ամսական վճարը հասել է 2004 դոլարի՝ մեկ տարվա ընթացքում աճելով 12.8%-ով։
Անշարժ գույքի շուկան մի քանի տարի շարունակ բախվել է առաջարկի լուրջ պակասի, որը պայմանավորված էր համավարակի առաջին տարիներին՝ ռեկորդային ցածր տոկոսադրույքների պայմաններում, պահանջարկի կտրուկ աճով։ Այժմ առաջարկի ազգային ծավալը նախահամավարակային սովորական մակարդակից ընդամենը 6.6%-ով է ցածր։
Zillow-ի գլխավոր փորձագետ Միշա Ֆիշերը նշել է, որ նոյեմբերին շուկայում առաջարկի ծավալի հետագա նվազում է սպասվում, սակայն նոր տարում այդ անկման տեմպերը կարող են դանդաղել։
Սեպտեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ ամերիկացի բնակարանատերերը անշարժ գույքում կուտակել են կապիտալի ռեկորդային ծավալ, որը երկրորդ եռամսյակի արդյունքներով հասել է 11.5 տրլն դոլարի։ Հիփոթեքային վարկեր ունեցող փոխառուների ընդհանուր կապիտալը կազմել է 17.9 տրլն դոլար, ինչը միջին հաշվով համապատասխանում է յուրաքանչյուր բնակարանատիրոջ հաշվով 310 հազար դոլարի։
Փորձագետները նշել են, որ թեև երկրորդ հիփոթեքային վարկերի քանակն աճել է 20%-ով, դրանց միջոցով կանխիկացված միջոցների ծավալը կազմել է հասանելի գումարի 0.1%-ից պակաս։