NVIDIA-ն Հայաստանում չիպեր չի արտադրելու․ Սաակաշվիլիի հայտարարությունը կեղծ է, չի համապատասխանում հրապարակված փաստերին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին փետրվարի 14-ին իր ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ հայտարարել է, թե NVIDIA ընկերությունը Հայաստանում չիպեր է արտադրելու։ «Աշխարհի տեխնոլոգիական առաջատար NVIDIA» ընկերությունը միլիարդներ է ներդնում Հայաստանում չիպերի արտադրության մեջ», —գրել է վրացի նախկին պաշտոնյան։

«Փաստերի ստուգման հարթակը» սակայն պարզել է, որ Սաակաշվիլիի այս հայտարարությունը կեղծ է, իրականությանը չի համապատասխանում։

Արտապատկերումը՝ Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջից

Ի՞նչ է իրականում նախատեսվում

NVIDIA-ն ամերիկյան խոշորագույն տեխնոլոգիական ընկեություն է, հիմնադրվել է հիմնադրվել է 1993 թվականին։ Սկզբում այն արտադրում էր գրաֆիկական քարտեր (GPU) համակարգիչների և խաղերի համար, սակայն այսօր համարվում է արհեստական ինտելեկտի (AI) ոլորտի առաջատարներից մեկը։

Հայաստանում ներդրումների մասին Firebird և NVIDIA ընկերությունների հայտարարությունը եղել է 2025-ի հունիսի 11–ին, որով ազդարարվում էր Հայաստանում 500 միլիոն դոլար արժողությամբ Արհեստական բանականության տվյալային կենտրոն ստեղծելու մասին

Ըստ այդ հաղորդագրության, այս ծրագիրը համագործակցային հսկայածավալ նախագիծ է, որը նախատեսում է շուրջ 500 մլն դոլար ներդրում՝ AI սուպերմեքենա (supercomputer) և տվյալների կենտրոն կառուցելու համար, որտեղ տեղադրվելու են NVIDIA Blackwell GPU-ներ՝ մեծածավալ հաշվարկներ իրականացնելու համար։ Ծրագրի նպատակն է սահմանել Հայաստան որպես տարածաշրջանային AI կենտրոն, զարգացնել տեղական տաղանդը և խթանել նորարարությունը:
NVIDIA-ն միանում է այս նախաձեռնությանը՝ որպես համակարգային տեխնոլոգիական գործընկեր, իսկ Firebird-ը նախագծի համատեղ իրականացնող ընկերությունն է, որը կշարունակի ներդրումներն ու այլ աշխատանքները:

Firebird-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Ռազմիկ Հովակիմյանը հայտարարել էր, որ ծրագիրը միտված է բարձր արդյունավետությամբ AI ենթակառուցվածքի ձևավորմանը և նորարարական միջավայրի զարգացմանը։

Հայտարարության որևէ հատվածում չիպերի արտադրության մասին խոսք չկա։

Firebird և NVIDIA ընկերությունների համատեղ որևէ հայտարարության մեջ չի նշվում, թե Հայաստանում չիպեր են արտադրվելու։ 

Այս նախաձեռնությանը անդրադարձ է կատարվել նաև 2025-ի հունիսի 12-ի կառավարության նիստում, որտեղ ևս Հայաստանում չիպերի արտադրության մասին որևէ խոսք չկա։

Չիպերի մասին 

NVIDIA-ի հայտարարված ծրագրերում չիպերի արտադրություն նախատեսված չէ, և
ներկայացված ծրագրերը վերաբերում են չիպերի ներմուծմանը և օգտագործմանը, ոչ թե արտադրությանը։ 

Հայաստանում կառուցվող AI նախագծի շրջանակում տվյալների կենտրոնում տեղադրվելու են NVIDIA-ի չիպերով աշխատող աշխատանքային միավորներ (GPU-ներ)։ Այս չիպերը միայն ներմուծվում են ԱՄՆ-ից՝ համապատասխան արտահանման թույլտվությամբ։

Իսկ այն, որ այդ թույլտվությունն արդեն կա, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը իր՝ Հայաստան կատարած այցելության ժամանակ․ «Համատեղ արձանագրել ենք նաև երկկողմ հարաբերություններում ունեցած նշանակալի ձեռքբերումները, այդ թվում՝ արհեստական բանականության և նորարարական տեխնոլոգիաների ոլորտներում։ Գոհունակությամբ եմ նշում, որ օգոստոսի 8-ին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կիսահաղորդիչների և արհեստական բանականության ոլորտում կնքված հուշագրի շնորհիվ կյանքի կկոչվի «Firebird» ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարան և տվյալների կենտրոն կառուցելու մեգանախագիծը։

Այս կապակցությամբ պետք է նշել, որ հաստատվել է դեպի Հայաստան՝ «NVIDIA» ընկերության արտադրած գերհզոր չիպերի հերթական խմբաքանակի արտահանման թույլտվությունների տրամադրումը»։

Այն, որ այդ չիպերը Հայաստանում չեն արտադրվում, ասել էր նաև ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը․ «500 մլն դոլարը ԱՄՆ տնտեսության մեջ է ներդրվելու, ոչ թե մեր, որովհետև այդ չիպերը մենք չենք արտադրում, արտադրում է Nvidia-ն: Արժեքը, որ ասում են, դա ուղղակի ներդրումների մասին չէ, այդտեղ սխալ ընկալում կա երևի: 500 միլիոնը դա այդ չիպերի արժեքն է: Այդ չիպերը Nvidia-ինն են: Դա ԱՄՆ տնտեսությունն է»

Վրաստանի նախկին նախագահի գրառումը, որը կեղծ է, տարածել էին հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ՝ radar{.}am, tert{.}am, armtimes{.}am, 1in{.}am, factor{.}am:

Այսպիսով, պաշտոնական հայտարարություններում և կառավարության ներկայացրած ծրագրերում Հայաստանում չիպերի արտադրություն նախատեսված չէ։ Խոսքը արդեն արտադրված չիպերի ներմուծման մասին է։ Հետևաբար Սաակաշվիլիի պնդումը, թե ընկերությունը Հայաստանում չիպեր է արտադրելու, կեղծ է, չի համապատասխանում հրապարակված փաստերին։

Հասմիկ Համբարձումյան

 

The post NVIDIA-ն Հայաստանում չիպեր չի արտադրելու․ Սաակաշվիլիի հայտարարությունը կեղծ է, չի համապատասխանում հրապարակված փաստերին appeared first on FIP.AM.

Leave a comment