Քաղաքականություն
10.11.2026 | 12:34
Երևանում ընթանում է ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը, որը նախագահում է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Նա կարևորել է Հայաստանի նախագահությունը՝ որպես անդամ պետությունների միջև իրավական համագործակցության ամրապնդման հնարավորություն։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի նախագահությամբ Երևանում ընթանում է ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը։
Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Սրբուհի Գալյանն ընդգծել է, որ Հայաստանի նախագահությունը Խորհրդում կարևոր հնարավորություն է անդամ պետությունների միջև իրավական համագործակցության ամրապնդման և զարգացման համար։
Նախարարը նշել է, որ հոբելյանական նիստն առանձնահատուկ նշանակություն ունի նաև այն հանգամանքով, որ անցկացվում է ԱՊՀ հիմնադրման 35-ամյակի տարում։
Անդրադառնալով անցած 35 տարիների ընթացքում իրավական համագործակցության շրջանակում արձանագրված արդյունքներին՝ Սրբուհի Գալյանն առանձնացրել է ավելի քան 7000 փաստաթղթերի ընդունումը, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կողմից ավելի քան 400 մոդելային օրենքների և հանձնարարականների մշակումը, ինչպես նաև իրավական փոխօգնության մեխանիզմների կատարելագործումն ու նոտարիատի և փաստաբանական գործունեության ոլորտներում համագործակցության զարգացումը։
Եզրափակելով ողջույնի խոսքը՝ նախարարը նիստի մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք՝ կարևորելով կառուցողական քննարկումներն ու իրավական համագործակցության հետագա խորացումը։