Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT

Բրիտանական Financial Times-ը հայտնում է, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը սպառնում է արգելափակել Եվրամիության հաջորդ յոթնամյա բյուջեի ընդունումը, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Ուկրաինային լրացուցիչ ֆինանսավորում տրամադրումը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պարբերականը գրում է, որ իր լրագրողները ծանոթացել են Մերցի՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային ուղղված նամակին, որում կանցլերը հայտարարել է, որ Բեռլինը կարող է կողմ քվեարկել բյուջեին միայն այն դեպքում, եթե ԵՄ-ն միաձայն հավանություն տա Կիևին լրացուցիչ միջոցներ հատկացնելու որոշմանը։

FT-ն հիշեցնում է, որ անցյալ տարվա դեկտեմբերին ԵՄ-ն համաձայնել էր առաջիկա երկու տարվա ընթացքում Ուկրաինային տրամադրել 90 միլիարդ եվրո։ Սակայն ռազմական գործողությունների ծավալի հետևանքով Ուկրաինայի ֆինանսներում առաջացել է 70 միլիարդ եվրոյի պակասուրդ, որը պետք է լրացվի 2027 թվականին։ ԵՄ-ն արդեն համաձայնել է հատկացնել այդ գումարի երկու երրորդը՝ շուրջ 45 միլիարդ եվրո։

«Մեր բոլորի՝ առանց բացառության, համատեղ պարտավորությունները թույլ կտան արդարացիորեն լրացնել (Ուկրաինայի բյուջեի) պակասուրդը։ Սա անհրաժեշտ պայման է ինչպես տվյալ հարցի լուծման, այնպես էլ հետագա բոլոր քայլերի, մասնավորապես՝ ֆինանսական հետևանքներ ունեցող որոշումների քննարկման համար», – մեջբերում է լրատվամիջոցը Մերցի նամակից։

Մերցն իր պահանջն առաջ է քաշում Դուբլինում եվրոպական առաջնորդների գագաթնաժողովից առաջ, որը տեղի կունենա հինգշաբթի և ուրբաթ օրերին։

Լրատվամիջոցը նշում է, որ եվրոպական չորս երկրներ՝ Հունգարիան, Սլովակիան, Բուլղարիան և Չեխիան, հասկացնել են տվել, որ չեն մասնակցելու Ուկրաինայի հետագա ֆինանսավորմանը։ Մերցը կոչ է արել գտնել Կիևին «2028 թվականից սկսած և հետագայում» աջակցելու այնպիսի եղանակ, որը կարժանանա Եվրամիության բոլոր անդամների հավանությանը։

Պարբերականը նաև հայտնում է, որ Մերցը ցանկանում է փոխել Ուկրաինայի ֆինանսավորման վերաբերյալ որոշումների ընդունման սկզբունքը, որպեսզի դրանք հնարավոր լինի հաստատել ձայների պարզ մեծամասնությամբ՝ առանց առանձին երկրների վետոյի իրավունքի։ Այդպիսով, ապագայում Կիևին ցուցաբերվող աջակցությունը կախված չի լինի այս կամ այն պետությունում քաղաքական իրավիճակի փոփոխությունից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment