Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր

Քաղաքականություն

10.11.2026 | 10:55

Իրանի փոխնախագահ Սեյյեդ Համիդ Փուրմոհամադին նոյեմբերի 9-ին Երևանում հանդիպել է անվանի իրանահայ կոմպոզիտոր և դիրիժոր Լորիս Ճգնավորյանի հետ՝ բարձր գնահատելով նրա ստեղծագործական գործունեությունն ու Իրանի և Հայաստանի մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդը։

Հայաստանում Իրանի դեսպանության հաղորդագրությունը՝ ստորև․

Իրանի փոխնախագահ Սեյյեդ Համիդ Փուրմոհամադին նոյեմբերի 9-ին Երևանի Կապույտ մզկիթում Ֆիրդուսու «Շահնամե»-ի հայերեն թարգմանության շնորհանդեսի շրջանակում հանդիպել է իրանահայ անվանի կոմպոզիտոր և դիրիժոր Լորիս Ճգնավորյանի հետ՝ բարձր գնահատելով նրա ողջ կյանքի ընթացքում ծավալած արժեքավոր գործունեությունն ու արվեստի բնագավառում ստեղծած նշանակալի գործերը։

Հանդիպման ընթացքում Փուրմոհամադին, երախտագիտություն հայտնելով Ճգնավորյանին երաժշտության ոլորտում նրա թողած անգնահատելի ավանդի համար, ընդգծել է արվեստագետի կարևոր դերը Իրանի մշակույթի և գրականության հանրահռչակման, ինչպես նաև Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև մշակութային կապերի ամրապնդման գործում։

Անդրադառնալով Ճգնավորյանի հեղինակած «Ռոստամ և Սոհրաբ» օպերային՝ նա ընդգծել է Ֆիրդուսու «Շահնամե»-ի ստեղծագործական մեծ ներուժը՝ անմահ երաժշտական և բեմական երկերի ստեղծման գործում։

Ճգնավորյանը, խոսելով մանկուց «Շահնամե» -ի և Ֆիրդուսու էպիկական պատմությունների հանդեպ ունեցած իր խորը սիրո մասին, անդրադարձել է այս գրական ժառանգության ազդեցությանը սեփական ստեղծագործական ուղու ձևավորման վրա՝ ընդգծելով Իրանի և Հայաստանի միջև մշակութային ու գեղարվեստական համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Նա նաև Իրանի և Հայաստանի ժողովուրդներին բնորոշել է որպես մեկ միասնական և անբաժանելի հոգի՝ նշելով, որ քաղաքական սահմանները չեն կարող բաժանել նրանց։

Միջոցառման ընթացքում ականավոր արվեստագետին նվիրել են Ֆիրդուսու «Շահնամե»-ի  շքեղ, բացառիկ հրատարակություններից մեկը։ Իսկ Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության գեղարվեստական հարցերով փոխնախարար Մեհդի Շաֆիին նրան է հանձնել նախարարի շներհալագիրը՝ ի նշան երաժշտության ոլորտում երկարամյա արժեքավոր գործունեության և նշանակալի ծառայությունների գնահատանքի։

 

Leave a comment