Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ

Հասարակություն

10.11.2026 | 10:22

Հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների ընթացքում «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկած ընտրողի քվեաթերթիկը լուսանկարելու և քվեարկության արդյունքը ստուգելու դեպքով երկու անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

ՔԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ  Ա.Հ.-ն թիվ 17/66 ընտրատեղամասում 2026 թվականի հունիսի 7-ին Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցելիս՝ շահադիտական նպատակով լուսանկարել է իր քվեարկության արդյունքը բացահայտող՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ տեղադրելու պահը։ Այնուհետև՝ քվեարկության հաջորդ օրը, լուսանկարն ուղարկել է Ա.Ս.-ին՝ այդ կերպ վերջինիս հասանելի դարձնելով իր քվեարկության արդյունքի վերաբերյալ տեղեկությունը։

Ա.Ս.-ն, ստանալով Ա.Հ.-ի քվեարկության արդյունքը բացահայտող լուսանկարը, ստուգել է նրա քվեարկության արդյունքը՝ խախտելով քվեարկության գաղտնիությունը։

Ա.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՝ Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը), իսկ Ա.Ս.-ի նկատմամբ՝ 215-րդ հոդվածի 2-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողի քվեարկած քվեաթերթիկը ստուգելը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Leave a comment