Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին

Թուրքիայի Բաթման նահանգում  Մարաթուկ լեռան  վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին, որը կառուցվել է 4-5-րդ դարերում, վերանորոգվել է։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տեղական իշխանությունները միաժամանակ ակտիվացնում են ջանքերը՝ լեռնային այս տարածաշրջանը զբոսաշրջային ուղղության վերածելու և ամբողջ տարվա ընթացքում զբոսաշրջիկներ ներգրավելու նպատակով։

Սասունի շրջանում՝ ծովի մակարդակից մոտ 3000 մետր բարձրության վրա գտնվող այս եկեղեցին համարվում է հայ քրիստոնյաների համար կարևոր կրոնական սրբավայր։

Բաթմանի նահանգի մշակույթի և զբոսաշրջության վարչության տնօրեն Մեհմեթ Իհսան Ասլանլին Anadolu գործակալությանը հայտնել է, որ 2024 թվականին մեկնարկած վերականգնողական աշխատանքներն արդեն ավարտվել են։ Թեև եկեղեցու պաշտոնական վերաբացման արարողությունը դեռ չի կայացել, Հայաստանից այցելուների խմբերն արդեն սկսել են այցելել պատմական սրբավայր։

Սասունի շրջանի ղեկավար Ֆուրկան Բաշարը հայտնել է, որ իշխանությունները եկեղեցու հարևանությամբ նաև մզկիթ են կառուցում՝ միաժամանակ զարգացնելով ենթակառուցվածքները՝ լեռան հասանելիությունը զբոսաշրջիկների համար բարելավելու նպատակով։

Դեպի լեռան գագաթ տանող ճանապարհի շուրջ 19 կիլոմետրը ասֆալտապատվել է, իսկ այցելուների համար կառուցվել են ճամբարային գոտիներ, արշավային արահետներ և սրճարաններ։

Ներկայումս կառուցվում է նաև լեռնադահուկային հանգստավայր։ Իշխանությունները նպատակ ունեն զբոսաշրջիկներ ներգրավել ամբողջ տարվա ընթացքում՝ զբոսաշրջային ակտիվությունը չսահմանափակելով միայն տաք եղանակային ամիսներով։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment