Պետության և Եկեղեցու հարաբերությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի, իրավասությունների հստակ սահմանազատման և կառուցողական համագործակցության վրա․Գերմանիայի Հայոց Թեմ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գերմանիայի Հայոց Թեմի
Թեմական-Պատգամավորական Ժողովի

 

7 եւ 8 Նոյեմբեր 2026-ին, առաջնորդանիստ Քյոլն քաղաքում, տեղի ունեցավ Գերմանիայի Հայոց Թեմի Թեմական-Պատգամավորական Ժողովը (ԹՊԺ), որին մասնակցում էին Գերմանիայի 17 հայկական եկեղեցական համայնքները ներկայացնող շուրջ 60 հոգեւորական եւ աշխարհական պատգամավորներ։

Իր երկօրյա աշխատանքների ընթացքում Թեմի բարձրագույն ներկայացուցչական մարմինը քննարկեց Թեմի կյանքին ու գործունեությանը վերաբերող մի շարք կարեւոր հարցեր։ ԹՊԺ-ը խորը մտահոգությամբ անդրադարձավ նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունների ու Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու միջեւ այլեւս չափազանց խորացող լարվածությանը։

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին շատ ավելին է, քան պարզապես կրոնական հաստատություն։ Դարեր շարունակ այն եղել է եւ շարունակում է մնալ մեր ժողովրդի հոգեւոր տունը, քրիստոնեական հավատքի, հայոց լեզվի, մշակույթի եւ ազգային ինքնության պահպանման ու փոխանցման կարեւորագույն պահապանը։ Պատմության հոլովույթներում, մանավանդ գոյաբանական վտանգների ժամանակներում, Հայ Եկեղեցին մեր ժողովրդին տվել է հոգեւոր առաջնորդություն, միասնության զգացում եւ հույս։ Նրա պատմական ազգային ու հոգեւոր առանձնահատուկ առաքելությունն իր հստակ ճանաչումն է ստացել նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ։

Ըստ այդմ՝ մենք համոզված ենք, որ Պետության եւ Եկեղեցու հարաբերությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի, իրավասությունների հստակ սահմանազատման եւ կառուցողական համագործակցության վրա։ Պետության եւ կրոնական կազմակերպությունների սահմանադրորեն երաշխավորված տարանջատումը միաժամանակ ենթադրում է Եկեղեցու ինքնուրույնության եւ իր ներքին գործերը սեփական կարգ ու կանոններին համապատասխան տնօրինելու ազատության լիակատար հարգում։

Հետեւաբար ակնկալում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական պատասխանատուները հարգեն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված ինքնավարությունը եւ ձեռնպահ մնան նրա անկախությունը վտանգող քայլերից։ Նույն կերպ ակնկալում ենք, որ հոգեւորականների նկատմամբ առաջադրված քրեական մեղադրանքները քննվեն բացառապես իրավական պետության սկզբունքների հիման վրա՝ դատական համակարգի կողմից եւ անմեղության կանխավարկածի լիակատար պահպանմամբ։

Միեւնույն ժամանակ գիտակցում ենք, որ Եկեղեցին եւս կանգնած է անհետաձգելի մարտահրավերների առջեւ, որոնց վերաբերյալ պետք է տեղի ունենան լուրջ քննարկումներ եւ որոնվեն գործնական բարվոք լուծումներ։ Ըստ այդմ՝ հատկապես կարեւոր ենք համարում եկեղեցական կանոնական մարմինների, ի մասնավորի՝ Եպիսկոպոսաց Ժողովի եւ Ազգային-Եկեղեցական Ժողովի, խելամիտ ժամկետներում հրավիրումը։ Այս մարմինները կարող են ապահովել անհրաժեշտ հարթակ՝ առկա մարտահրավերները համատեղ քննարկելու, անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ որոշումներ կայացնելու եւ Եկեղեցու ապագան կերտելու ու նրա միասնությունը պահպանելու տեսանկյունից։

Մեր ժողովրդի առջեւ ծառացած ծանրագույն ազգային մարտահրավերների եւ Հայաստանի անվտանգության շարունակվող բարդ իրավիճակի պայմաններում մեր ժողովուրդն այսօր առավել քան երբեւէ կարիք ունի համախմբվածության, համերաշխության եւ լավատես հույսերի։ Պետք չէ թույլ տալ, որ ներկայիս լարվածությունը վերածվի հայ հասարակության հետագա պառակտման։

Գերմանիայի Հայոց Թեմն իր հավատարմությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ աղոթում է մեր Մայր Եկեղեցու միասնության, անսասանության եւ հոգեւոր ամրության համար։ Աղոթում ենք Պետության եւ Եկեղեցու բոլոր պատասխանատուների համար, որպեսզի Աստված նրանց պարգեւի իմաստություն, շրջահայացություն եւ անկեղծ երկխոսության պատրաստակամություն։

Ականջալուր լինենք Պողոս առաքյալի հորդորին․ «Եղբայրներ, հորդորում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ միաբանվեք, եւ ձեր մեջ պառակտումներ չլինեն, այլ հաստատվեք նույն մտքով եւ նույն համոզմունքով» (Ա Կրնթ․ Ա 10)։

 

Քյոլն, 8 նոյեմբեր 2026

Գերմանիայի Հայոց Թեմի
Թեմական-Պատգամավորական Ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment