«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

19-ամյա Արթուրը նոյեմբերի 9-ին հրադադարի մասին հայտարարվելուց ընդամենը երկու ժամ առաջ է զոհվել։

«44 օր կռիվ տվեց․ է՛լ Ֆիզուլի, է՛լ Ջաբրայիլ, Մարտունի, Հադրութ։ Նորից էլի գնաց, նորից էլի եկավ Մարտունի 2-ում: Վերջին օրը իր զինվորների հետ էր, պայթյուն եղավ, գլուխը բարձրացրեց, որ տեսնի՝ իր զինվորներից ով էր զոհվողը, այդտեղ արդեն սնայպերը… սնայպերի գնդակից ինքը զոհվում է»,- Factor TV-ին պատմում է Արթուրի տատը՝ Ռոմելա Մուսայելյանը:

Թոռան զոհվելու բոթը այդ օրերին Հայաստան բուժման տեղափոխված Ռոմելային սկզբում չեն ցանկացել հայտնել։ Տատի սիրտն էլ ուրախ էր՝ զինադադարի մասին լուրն էր իմացել։

«Տղաս եկավ, տրամադրությունս բարձր էր… «Վարոտան» բացեցի, մտավ ներս, ասեցի՝ դե պատերազմը վերջացել է, զինադադար է: Տղաս թե՝ «Մամա, մոտիկացի, բան եմ ասում»: Ասեցի՝ մենակ Արթուրիս մասին բան չասես: Թե՝ հա… Արթուրը վիրավորվել ա: Ասի՝ ճիշտն ասա: Ասեց՝ ճիշտն եմ ասում: Ասեցի՝ մենակ աչքերիս նայիր, հետո ասա: Չկարողացավ աչքերիս նայել, այդպես հասկացա, ամեն ինչ հասկացա․․․»,- արցունքն աչքերին պատմում է տիկին Ռոմելան:

Արթուրը ծնվել է Արցախի Մոխրաթաղ գյուղում, մինչև 7-րդ դասարանը հաճախել գյուղի դպրոց, հետո ընտանիքով տեղափոխվել են Աստրախան, սակայն չափահաս դառնալուց հետո Արթուրն Արցախ է վերադարձել ծառայելու։ Զորակոչվելուց հետո մեկ անգամ է տատը հասցրել թոռանը տեսնել։

«Կորոնավիրուսը, որ ընկավ, էլ արդեն ոչ ինքը կարողացավ գալ, ոչ էլ՝ մենք: Արդեն այդ պատերազմի ժամանակ ասաց. «Բաբո՛, հեսա կորոնավիրուսն արդեն պրծել է, հեսա «օտպուսկ» եմ գալու, բաբո»: Էլ այդպես էլ չտեսա: Տղամարդ էր դարձել: Նկարները որ նայում եմ, ասում եմ՝ բա ես խոխա եմ իրան ուղարկել: Բա հիմա արդեն տղամարդ է, բայց ես այդ տղամարդ դառած չտեսա, խոխես տղամարդ դառած չտեսա ես»:

Որդու մահից մի քանի ամիս անց ինֆարկտից մահացել է նաև Արթուրի հայրը․ մայրն ու մեծ եղբայրն այժմ այլ երկրում են։ Տիկին Ռոմելան է այսօր բոլորի անունից գալիս Եռաբլուր ու խունկ վառում՝ պատերազմում պարտության համար մեղադրելով բարձրաստիճան ղեկավարությանը։

«Պարտվեցինք, որովհետև ծախեցին մեր երկիրը: Ծախեցին, մեզ դավաճանեցին: Ով դավաճանեց, դա արդեն պարզ հարց է: Չեմ էլ ուզում ասել, որ ասեմ, արդեն պիտի կոպիտ խոսքերով ասեմ… Ու դեռ շարունակում են: Ես հենց վախենում եմ՝ այս ճակատագրին արժանանա, ես վախենում եմ՝ մի անգամ էլ Եռաբլուրն ասեն՝ չկա, այդպիսի բան չկա, չճանաչեն»,- ասում է զոհված զինծառայողի տատիկը։

Այսօր Եռաբլուր այցելած «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն այս մասով մի փոքր այլ բառապաշար է գործածում․ «Կար հանցավոր ինքնավստահություն։ Դավաճանության մասին մեծ քննություն կլինի, և դրանից հետո միայն․․․ դա շատ կարևոր ու վտանգավոր մեղադրանք է։ Մեծ քննություն է լինելու, ու ճշմարտությունը մենք իմանալու ենք»։

Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն ընդգծում է՝ եռակողմ համաձայնագրից 6 տարի անց այն այլևս իրավական ուժ չունի մի պարզ պատճառով՝ Արցախն այլևս չկա։

«Ուղիղ վեց տարի առաջ մենք դեռևս ունեինք հայկական Արցախ: Մենք գնում Ստեփանակերտ, գալիս էինք: Այո՛, այլ պայմաններով, ռուս խաղաղապահներն էին այնտեղ կանգնած, ադրբեջանական դրոշ էինք տեսնում, նույնիսկ թուրքական դրոշ էինք տեսնում, բայց մենք գնում էինք Ստեփանակերտ ու հետ էինք գալիս: 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո՝ ռազմական պարտությունից հետո, մենք դեռ Արցախում էինք»,- նշում է Գրիգորյանը:

Այնուամենայնիվ, ինչո՞ւ պարտվեցինք պատերազմում՝ Factor TV-ի հարցին ի պատասխան՝ Գրիգորյանը կարճ է պատասխանում․ «Բայց դա շատ ավելի երկար հարց է: Ես ներողություն եմ խնդրում էլի, չեմ ուզում չարձագանքել, բայց ներողություն եմ խնդրում էլի»:

«Որքան շուտ կանգնեցվեր պատերազմը, այնքան ավելի ցածր գին կարող էինք վճարել»,- կարծիք է հայտնում Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Երկարաժամկետ ռազմավարության ու սխալների պատճառով եկանք, հասանք պատերազմի դուռը, իսկ ավելի կոնկրետ՝ այդ օրերի, այդ ժամանակվա Հայաստանի իշխանությունների սխալների պատճառով պատերազմը մեկնարկեց, և պատերազմը նաև պարտվեցինք կամ այդ գնով պարտվեցինք, ու այդ ժամանակ դադարեցվեց, որովհետև ակնհայտ է, որ ավելի վաղ ու ավելի ցածր գնով կարելի էր կանգնեցնել պատերազմը: Իսկ այդ ժամանակ՝ նոյեմբերի 9-ին, արդեն այնքան ծայրահեղ վիճակ էր, որ մի քանի օրում Արցախի մնացած հատվածը կարող էինք կորցնել»,- նշում է Բեգլարյանը:

Վերջին տարիներին նոյեմբերի 9-ին Եռաբլուր չայցելող Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցներն այսօր ևս զինվորական պանթեոն չէին եկել։ Factor TV-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ իշխող ուժի պատգամավոր Արման Եղոյանը պատերազմի պարտության մի քանի պատճառ մատնանշեց։

«Ռեսուրսների քչությունը բերում է պարտության։ Իսկ թե ինչու էին ռեսուրսները քիչ, դա էլ էլի ունի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվ պատճառները ինքներդ գիտեք, ինչպես օրինակ՝ բնակչության տարբերությունը, բայց նաև կան սուբյեկտիվ պատճառներ, ինչպես օրինակ՝ տարիներ շարունակ ոչ բավարար չափով, օրինակ՝ զենք-զինամթերք կուտակելը, ոչ բավարար չափով ռազմական բյուջե ունենալը»,- ասում է իշխանական պատգամավորը:

Պարտության պատճառներին զուգահեռ Եղոյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ պատերազմից 6 տարի անց Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ որևէ հավակնություն չի արձանագրվում։

«Հայաստանի Հանրապետությունը ամբողջությամբ պահպանել է իր տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ իրավունքի կասկած որևէ մեկը չի հայտնում: Այո՛, կան սահմանում որոշակի խնդիրներ, որոնք դելիմիտացիայի արդյունքում լուծվելու են, բայց Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության իրավունքն այսօր որևէ մեկը կասկածի տակ չի դնում»,- ընդգծում է Եղոյանը:

6 տարի առաջ այս օրը՝ պատերազմի 44-րդ օրը, Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը եռակողմ հայտարարություն ստորագրեցին՝ 9 կետից բաղկացած․ Բաքուն այդ կետերից գրեթե ոչ մեկը չպահեց։

Այսօր Արցախը փաստացի այլևս հայկական չէ․ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց 9 ամիս շրջափակման մեջ մնացած և հյուծված Արցախի վրա։ Մեկօրյա պատերազմի հետևանքով զոհվեց 223 մարդ, ինչից հետո մինչև հոկտեմբերի վերջ ավելի քան 100 հազար արցախցիներ բռնի տեղահանվեցին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան

Leave a comment