ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններում հաղթանակից հետո դեմոկրատները ամուր մեծամասնություն են ապահովել Կոնգրեսի երկու պալատներում։ Ինչպես գրում է Bloomberg-ը, դա «ջախջախում է մնացած բոլոր հույսերը»՝ նախագահ Դոնալդ Թրամփի՝ 1.5 տրլն դոլարի պաշտպանական բյուջեի պահանջը Կոնգրեսում առաջ մղելու հարցում։ Պահանջվող գումարը 44%-ով գերազանցում է նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշը։
Աղբյուրների կանխատեսմամբ՝ դեմոկրատները, ամենայն հավանականությամբ, կհաստատեն «ավելի իրատեսական»՝ շուրջ 1 տրլն դոլարի բյուջե։ Միևնույն ժամանակ օրենսդիրները փորձում են հավասարակշռություն գտնել՝ Պենտագոնին տրամադրել բանակի արդիականացման համար անհրաժեշտ միջոցները, բայց խուսափել Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորման մեջ մեղադրվելուց։
Իրավիճակն ավելի է բարդանում Մերձավոր Արևելքում պատերազմի ոչ ժողովրդական լինելու և պաշտպանական գերատեսչության ղեկավարության վրա գործադրվող ճնշման պատճառով։ Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, որը ռազմական լայնածավալ ծախսերի անհրաժեշտությունը հիմնավորում է բանակի արդիականացման պահանջով, հայտնվել է իմպիչմենթի սպառնալիքի տակ։ Այդ հարցով քվեարկությունը սպասվում է ընթացիկ շաբաթվա ընթացքում։
Ինչպես նշում է Bloomberg-ը, դեմոկրատների ներկայացուցիչներն առաջարկում են քննարկել մինչև տարեվերջ կարճաժամկետ ժամանակավոր ֆինանսավորման հարցը։ Այդպիսով երկարաժամկետ օրինագծերի քննարկումը կհետաձգվի մինչև Կոնգրեսի հաջորդ կազմի ձևավորումը։ Դա դեմոկրատներին հնարավորություն կտա օգտագործել ձեռք բերած վերահսկողությունը և բյուջեն ձևավորել իրենց առաջնահերթություններին համապատասխան։
Դեմոկրատների դիմադրությունը կարող է վտանգել նաև Թրամփի՝ պաշտպանության ոլորտում «ամենահավակնոտ ծրագրերից» մի քանիսը։ Դրանց թվում են «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը և «Թրամփ» դասի ռազմանավերի կառուցման ծրագիրը։
Նոյեմբերի 3-ին կայացած միջանկյալ ընտրություններից հետո Թրամփը խոստովանել է, որ Իրանի հետ պատերազմը մասամբ դարձել է հանրապետականների պարտության պատճառը։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ չի զղջում հակամարտությունը սկսելու համար։
«Ես ճիշտ եմ վարվել։ Կրկին նույն կերպ կվարվեի», – վստահեցրել է ԱՄՆ նախագահը։