Պիտի այնպես անել, որպեսզի Ադրբեջանն ու Թուրքիան հասկանան, որ Հայաստանի դիմադրողականությունը բարձրացել է ու զիջումներ չեն անելու

«Ես սովորաբար նման ձեւի չեմ արտահայտվում, բայց ՄԻՊ-ը վաղուց ՆԻՊ-ի է վերածվել՝ Նիկոլի իրավունքների պաշտպանությունն է, եւ հետեւաբար նրա արտահայտած նման մտքերը արժեք չունեն, նույնիսկ մեկնաբանության տեղիք չեն տալիս։ Եթե մինչեւ հիմա չի հասկացել, թե Անկախության հռչակագիրը ինչ արժեք ունի Հայաստանի համար, նրա զարմանքը ինձ համար առոչինչ է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ապրելու երկրի» ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հայտարարությանը, թե այդ տեքստի մեջ ինքը որեւէ պատճառ չի տեսնում, որ իշխանությունն ու ընդդիմությունը համաձայնության չեն գալիս։ Ըստ Թանդիլյանի՝ իշխանությունն արդեն հայտարարել է, որ նոր Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը դուրս է գալիս։

«Այն խնդիրը, որ մենք դրել ենք մեր առջեւ՝ Անկախության հռչակագրին հղումը չհանել Սահմանադրությունից, պետք է համատեղ ուժերով կարողանանք հասնել, որովհետեւ դա մեր պետականության ավարտը կլինի»,- ասաց Մանե Թանդիլյանը։

«Մենք այս համախմբման նախաձեռնողներից մեկն ենք, որովհետեւ դեռեւս 2024 թվականի փետրվարին մենք կազմակերպել ենք մեծ համաժողով՝ ի պաշտպանություն ՀՀ Անկախության հռչակագրի, եւ համարում ենք, որ հռչակագիրը ավելի քան երբեւէ պաշտպանության կարիք ունի, քանի որ գործող իշխանությունը, ըստ էության, համաձայնվել է դե ֆակտո Ադրբեջանի՝ թշնամական պետության պահանջին՝ ըստ էության այդ հռչակագիրը չեղարկել։ Մեր հիմնական նկատառումը մեր անկախության պաշտպանությունն է առաջին հերթին, եւ հենց այդ նկատառումով է, որ մենք մաս ենք կազմում այս գործընթացին եւ փորձում ենք ինչ-որ իմաստով այս գործընթացին գաղափարական հենք հաղորդել»,- միասնական ընդդիմության ներկայացուցիչների ու իրավաբանների հանդիպումից հետո ասաց «Հայաքվե»-ի ներկայացուցիչ Ավետիք Չալաբյանը։

Վերջինիս խոսքով՝ եթե կարողանան պարտադրվող Սահմանադրության դեմն առնել, ապա եւ՛ Ադրբեջանը, եւ՛ Թուրքիան կհասկանան, որ հայ ժողովուրդը, հայ հասարակությունը, Հայաստանի Հանրապետությունը եւ նրա քաղաքական համակարգը վերականգնել են իրենց դիմադրողականությունը եւ այլեւս որեւէ զիջում չեն անելու։

Մանրամասները տեսանյութում։

Հիշեցնենք, որ միասնական ընդդիմության https://www.aravot.am/2026/11/09/1592381/ ներկայացուցիչներն այսօր՝ նոյեմբերի 9-ին, հանդիպել էին իրավաբանների հետ՝ քննարկելով իրավական գործընթացի ճանապարհը։ https://www.aravot.am/2026/11/09/1592349/ Իրավաբանների եւ քաղաքական ուժերի https://www.aravot.am/2026/11/09/1592361/ ներկայացուցիչների ամբողջական ճեպազրույցներն այստեղ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment