2027 թվականին Հայաստանում կսկսվի Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը։ Այդ մասին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է խորհրդարանական հանձնաժողովների մակարդակով 2027 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
Նախարարի փոխանցմամբ՝ հաջորդ տարի պետբյուջեից այդ նպատակով նախատեսվում է հատկացնել 69․8 միլիարդ դրամ (190 միլիոն դոլարից փոքր-ինչ ավելի)։ Միջոցները կտրամադրվեն Գերմանական զարգացման բանկի (KfW) հետ վարկային համաձայնագրի շրջանակում, հայտնում է Sputnik Արմենիան:
Հայաստան–Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման նախաձեռնության իրականացումը մի քանի տարի շարունակ հետաձգվել է՝ պայմանավորված տեխնիկական և կազմակերպչական մի շարք խնդիրներով։ Սկզբնական փուլում նախագծային աշխատանքների ընթացքում դժվարություններ են առաջացել այն ենթակայանի տեղակայման վայրի ընտրության հարցում, որի միջոցով Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգը պետք է միացվի Վրաստանի 500 կիլովոլտ լարման մայրուղային էլեկտրացանցին։
Հետագայում խոչընդոտներ են առաջացել նաև ենթակայանի համար անհրաժեշտ սարքավորումների տեղադրման աշխատանքներն իրականացնող ընկերության ընտրության գործընթացում։ Խոսքը հատուկ տեխնոլոգիական սարքավորումների մասին է, որոնք պետք է ապահովեն երկու երկրների էլեկտրաէներգետիկ համակարգերի միջև կայուն և անխափան էներգափոխանակությունը։
Դրանց անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի և Վրաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերը գործում են միմյանցից անկախ՝ ոչ սինխրոն ռեժիմով։ Ի տարբերություն դրանց՝ Հայաստանի և Իրանի էներգահամակարգերն աշխատում են սինխրոն սկզբունքով։
Ներկայում նախագծի իրականացման համար ներգրավված ֆինանսավորման ընդհանուր ծավալը հասել է 323․75 միլիոն եվրոյի։ Միաժամանակ ամբողջ ծրագրի գնահատված արժեքը կազմում է 542․75 միլիոն եվրո։
Այս փուլում արդեն մեկնարկել են Դդմաշենից և Այրումից մինչև Վրաստանի պետական սահման ձգվող էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները։
Մոտ 70 միլիոն եվրո արժողությամբ շինարարական պայմանագրի մրցույթում հաղթող է ճանաչվել հնդկական KEC International Limited ընկերությունը, որը ներգրավվել է նախագծի համապատասխան հատվածի իրականացման գործում։
Հայաստան-Վրաստան գծի, ինչպես նաև կառուցվող (նույնպես ուշացումներով) 400 կիլովոլտանոց Իրան-Հայաստան գծի շինարարության ավարտի արդյունքում նախատեսվում է ձևավորել Իրան-Հայաստան-Վրաստան էներգետիկ միջանցք՝ էլեկտրաէներգիայի առևտրի և տարանցման համար։