Աննա Գրիգորյան․ Հանրաքվեի ցանկացած ելք վատ է ՀՀ-ի համար, մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ հարցը դրվի հանրաքվեի

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի Սահմանադրության փոփոխության հնարավոր հանրաքվեին՝ պնդելով, որ Ադրբեջանի պահանջով նման գործընթացի իրականացումը կարող է ծանր հետևանքներ ունենալ երկրի համար։

«Ադրբեջանական պարտադրանքով ՀՀ Սահմանադրությունը փոխելու հարցով հանրաքվեի ցանկացած ելք՝ թե՛ դրական, թե՛ բացասական՝ աղետալի է լինելու Հայաստանի համար, ուստի ընդդիմության գլխավոր խնդիրն է թույլ չտալ, որ այդ հարցն ընդհանրապես հասնի հանրաքվեի»,-ասել է նա, հայտնում է Factor.am-ը:

Գրիգորյանը նաև արձագանքել է իշխանությունների այն դիրքորոշմանը, համաձայն որի՝ Սահմանադրության փոփոխության հարցը պետք է որոշեն քաղաքացիները՝ համաժողովրդական քվեարկության միջոցով։

«Սահմանադրությամբ նախատեսված են ֆիլտրեր․ նախագիծը նախ պետք է հաստատվի Ազգային ժողովում, նոր միայն դրվի հանրաքվեի։ Եթե ՔՊ-ն կարծում է, թե կարող է շրջանցել դա, թող իրենց վարչության նիստով որոշեն։ Բայց քանի դեռ կա օրենսդրական այդ կարգը, մենք ԱԺ-ում պատի նման ենք կանգնելու, որպեսզի թույլ չտանք այդ օրակարգի անցկացումը։ Մեր խմբակցությունը երբեք կողմ չի քվեարկելու Ալիևի պահանջով Սահմանադրության փոփոխության նախագծին»,-ասել է նա:

Անդրադառնալով Սահմանադրության նշանակությանը՝ Աննա Գրիգորյանը զուգահեռներ է անցկացրել պետության հիմնական օրենքի և Աստվածաշնչի միջև։ Նրա մեկնաբանությամբ՝ ինչպես Սուրբ Գիրքն է քրիստոնյաների հոգևոր կյանքի գլխավոր ուղեցույցը, այնպես էլ Սահմանադրությունն է պետության աշխարհիկ կյանքի կազմակերպման հիմնարար փաստաթուղթը։

«Հիմա ի՞նչ են ուզում ասել, որ մենք պետք է այլ երկրի պարտադրանքո՞վ մեր կյանքը կազմակերպող գիրք ունենանք։ Դա բացառված է։ Տասնամյակների բանակցությունների ընթացքում Ադրբեջանի մտքով անգամ չէր անցել, որ կարող է Հայաստանին պարտադրել Սահմանադրություն փոխել։ Իսկ այսօր հասել ենք մի հանգրվանի, որ օրակարգ ենք դարձրել նրանց այդ պահանջը»,-ասել է պատգամավորը:

Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ հասարակության շրջանում ձևավորվել է ընդհանուր դիրքորոշում, ըստ որի՝ Հայաստանի Սահմանադրությունը չպետք է փոփոխվի արտաքին պարտադրանքի հետևանքով։ Նա առանձնահատուկ կարևորել է երիտասարդների և անկախության տարիներին ծնված սերնդի մասնակցությունն այդ հարցի շուրջ հանրային քննարկումներին։

Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է զիջել գործող իշխանությունը՝ Աննա Գրիգորյանը նշել է մի շարք հանգամանքներ․«2022թ․ հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությունը, որով Արցախը ճանաչվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։ Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ռազմավարական ճանապարհների հանձնումը։ Միջազգային դատարաններից հայցերը հետ կանչելու պատրաստակամությունը, ինչը, ըստ նրա, զրկում է էթնիկ զտման ենթարկված արցախցիներին իրենց իրավունքները միջազգային ատյաններում պաշտպանելու հնարավորությունից։ Ապաշրջափակման և սահմանազատման հարցերի առանձնացումն ու առկախումը։ Այնքան են զիջել թե՛ դիվանագիտական դաշտում, թե՛ հողի վրա, որ այսօր Ադրբեջանն արդեն Սահմանադրություն փոխել է պահանջում։ Իսկ իրենք չունեն համարձակություն՝ բարձրաձայնելու, որ հենց Ադրբեջանի սահմանադրության մեջ կան Հայաստանի նկատմամբ տարածքային ուղիղ պահանջներ»։

Անդրադառնալով ընդդիմության անցած տարիների գործունեությանը և հնարավոր բացթողումներին՝ Աննա Գրիգորյանն ինքնաքննադատորեն խոստովանել է․ «Այո՛, պետք է ցավով արձանագրել, որ այդ փուլում մեր ուժերը չհերիքեցին, բայց մենք փորձել ենք անել առավելագույնը՝ փողոցային պայքարից մինչև խորհրդարանական ակտիվ գործունեություն։ Մեզնից կախված ամեն ինչ արել ենք։ Ուրախ եմ, որ այսօր նոր ուժեր են միանում պայքարին, և մենք շարունակելու ենք հանրության հետ ամենօրյա աշխատանքը՝ կանխելու համար նոր կապիտուլյացիաները»։

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն անդրադառնալով գործող իշխանության վարած քաղաքականությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը որակեց որպես «եռապատերազմի և երեք պարտությունների» պատասխանատու։

Անդրադառնալով իշխանությունների խոստացած «խաղաղության դարաշրջանին»՝ Կարապետյանը շեշտել է, որ գործող վարչախմբի օրոք Հայաստանը զրկվել է իրական խաղաղության հնարավորությունից։

«Ո՞վ է եռապատկել Եռաբլուրը՝ եռապատերազմի կուսակցությունը։ Ո՞վ է մեզ բերել երեք պատերազմ և երեք պարտություն՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։ Իրենց իշխանության առաջին իսկ օրվանից պատերազմի հոտ է գալիս։ Նրանք իրենց հետ բերել են պատերազմի քամիներ և ի վիճակի չեն այդ քամիները հեռացնել մեր երկրից, որովհետև հենց իրենք են դրանք հրավիրել մեր տուն»,- հայտարարել է նա։

Պատասխանելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության և անվտանգային երաշխիքների մասին հարցին՝ Կարապետյանն ընդգծեց, որ միայն մեկ երաշխավորի հույսին մնալը սխալ էր։

«Մեզ պետք է մեկից ավելի երաշխավոր։ Երբ տարածաշրջանում հավասարակշռությունը խախտվում է, մենք չպետք է մնանք միայն մեկ կողմի հույսին։ Մենք ունենք հարևան Իրան, Ռուսաստան, այլ գործընկերներ․ միայն տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը վերականգնելով է հնարավոր հասնել տևական խաղաղության»,- ասել է նա։

Խոսելով Սահմանադրության հնարավոր փոփոխությունների դեմ սկսված փողոցային իրազեկման ակցիաների մասին՝ Կարապետյանը նշել է, որ հանրության զգալի մասը տեղյակ չէ իշխանության իրական մտադրություններից:

«Մեր շփումները ցույց են տալիս, որ գրեթե յուրաքանչյուր երրորդ քաղաքացին չգիտի, թե ինչ է կատարվում։ Մարդիկ չգիտեն, որ Ալիևի պահանջով ուզում են փոխել Հայաստանի Սահմանադրությունը։ Իսկ երբ իմանում են, միանշանակ դեմ են արտահայտվում։ Այսօր հասարակությունը խորապես պառակտված է և պատրաստ չէ նման փոփոխությունների»,-ասել է նա:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի պարտության պատճառներին՝ Կարապետյանը նշել է երկու հիմնական գործոն՝ տնտեսական և կազմակերպչական, ինչպես նաև հանցավոր ինքնավստահությունն ու դավաճանությունը, ինչը, ըստ նրա, պետք է դառնա լուրջ քննության առարկա նոր հանձնաժողովի միջոցով։

Իսկ լրագրողի այն հարցին, թե արդյոք մեզ պետք է Շուշին, նա կարճ պատասխանեց․ «Հայերը պետք է իրավունք ունենան վերադառնալու իրենց հայրենիք»։

Սահմանադրական խորհուրդը պատրաստ չէ պատասխանատվություն ստանձնել նոր Սահմանադրության տեքստի համար, ուստի դրա մշակման և բովանդակության վերջնական պատասխանատվությունը կրելու է ՀՀ արդարադատության նախարարությունը, հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում: Գալյանը տեղեկացրել է, որ ստեղծված իրավիճակում առաջարկել է շարունակել սահմանադրական նախագծի մշակումը նախարարության ուժերով և այն հանրությանը ներկայացնել հենց գերատեսչության անունից։

Leave a comment