Նոյեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է Ստեփանակերտում Ղարաբաղի համալսարանի կլինիկայի շտապ բժշկական օգնության բաժանմունքի բացմանը։ Խոսքը բժշկական համալիրի մասին է, որը տարիներ առաջ կառուցվել և կահավորվել է գործարար ու բարերար Սամվել Կարապետյանի ֆինանսական աջակցությամբ։
Իրադարձության նկատմամբ առանձնահատուկ ուշադրություն է գրավում հենց բուժհաստատության պատմությունը։ Ստեփանակերտի հիվանդանոցը կառուցվել է Սամվել Կարապետյանի բարեգործական ներդրումների շնորհիվ։ Ծրագրի իրականացման համար «Տաշիր» ընկերությունների խումբը հատկացրել է շուրջ 25 մլն դոլար։ Բժշկական կենտրոնը, որի շինարարությունը սկսվել է 2008 թվականին և ավարտվել 2013-ին, կոչված էր Արցախի բնակիչներին ապահովելու ժամանակակից բժշկական օգնությամբ։
Այսօր հայ բարերարի միջոցներով Արցախի բնակիչների համար ստեղծված բուժհաստատությունը դառնում է այն ենթակառուցվածքների մի մասը, որոնք զարգացնում և ներկայացնում է արդեն ադրբեջանական կողմը։
Տեղի ունեցողին առանձնահատուկ խորհրդանշականություն է հաղորդում այն փաստը, որ նոր բաժանմունքի բացումը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ի՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտի հետ կապված ամսաթվի նախաշեմին։ Մինչ Իլհամ Ալիևը մասնակցում է Սամվել Կարապետյանի միջոցներով կառուցված բժշկական համալիրում անցկացվող միջոցառմանը, գործարարն ինքը կալանքի տակ է Հայաստանում։
Այս համընկնումը հատկապես ուշագրավ է Հայաստանում շարունակվող քաղաքական գործընթացների, սահմանադրական փոփոխությունների և Երևանի ու Բաքվի հարաբերությունների շուրջ քննարկումների ֆոնին։