Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում

Հայաստանում նախատեսվում է փոփոխություններ կատարել Աշխատանքային օրենսգրքում և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում։ Աշխատանքի և բարեկեցության նախարարության մշակած օրենսդրական նախագծերով առաջարկվում է վերանայել աշխատանքային պայմանների փոփոխման, աշխատաժամանակի կազմակերպման, ծնողական ժամի տրամադրման, անչափահասների աշխատանքի և աշխատավարձի վճարման մի շարք կարգավորումներ։

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ աշխատողն ու գործատուն կարող են փոխադարձ համաձայնությամբ փոփոխել աշխատանքի էական պայմանները, օրինակ՝ աշխատանքի վայրը, պաշտոնը կամ աշխատանքային գործառույթները՝ առանց աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու։

Միաժամանակ, նախատեսվում են սահմանափակումներ։ Մասնավորապես, կողմերի փոխադարձ համաձայնության հիմքով չի թույլատրվի անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը վերափոխել որոշակի ժամկետով պայմանագրի կամ նվազեցնել աշխատավարձի չափը։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ այս սահմանափակումների նպատակն աշխատողների իրավունքների պաշտպանությունն է։

Փոփոխություններ են առաջարկվում նաև ծնողական ժամի տրամադրման կարգում։ Նախագծով սահմանվում է, որ ծնողական ժամը տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա, և գործատուն իրավունք չունի մերժելու այն։ Սակայն, եթե աշխատողի ընտրած ժամին բացակայությունը կարող է խաթարել աշխատանքի բնականոն ընթացքը, գործատուն կարող է նույն աշխատանքային օրվա ընթացքում ծնողական ժամի օգտագործման այլ ժամանակահատված սահմանել։

Հերթափոխային աշխատանք կատարողների դեպքում ծնողական ժամի օգտագործման ժամանակահատվածը պետք է նախապես համաձայնեցվի գործատուի հետ։

Միաժամանակ, առաջարկվում է ծնողական ժամից օգտվելու իրավունք չտրամադրել այն աշխատողներին, որոնց աշխատանքային օրվա տևողությունը չի գերազանցում 6 ժամը։ Նախագծի հեղինակների հիմնավորմամբ՝ այս սահմանափակումը պայմանավորված է կարճ աշխատանքային օրվա ընթացքում լրացուցիչ վճարովի ժամանակ տրամադրելու համաչափության ապահովմամբ։

Վերանայվում են նաև անչափահասների աշխատանքի կանոնները։ Առաջարկվում է սահմանել, որ դպրոցական օրերին մինչև 15 տարեկան երեխաները կարող են աշխատել օրական առավելագույնը երկու ժամ։ Նախատեսվում է փոփոխել նաև առանձին տարիքային խմբերի համար սահմանված աշխատաժամանակի առավելագույն տևողությունը։

Աշխատաժամանակի կազմակերպման մասով առաջարկվում է որոշակի կատեգորիայի աշխատողների համար սահմանել օրական 12 կամ 24 ժամ աշխատելու հնարավորություն։ Ընդ որում՝ յուրաքանչյուր աշխատողի համար պետք է սահմանվի այդ տևողություններից միայն մեկը, իսկ շաբաթական աշխատաժամանակի միջին տևողությունը չպետք է գերազանցի 48 ժամը։

Նախագծով առաջարկվում է նաև հստակ ամրագրել, որ աշխատավարձը պետք է փոխանցվի աշխատողի անունով բացված բանկային կամ էլեկտրոնային փողի հաշվին։

Բացի այդ, նախատեսվում է հստակեցնել ամենամյա արձակուրդի վճարման և միջին աշխատավարձի հաշվարկման կարգը, ինչպես նաև վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման պայմանները։

Նախագծերի հիմնավորման համաձայն՝ փոփոխությունները նպատակ ունեն բարելավել աշխատանքային հարաբերությունների իրավական կարգավորումները, վերացնել գործնականում առաջացող խնդիրներն ու ապահովել աշխատողների իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությունը։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment