Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի ու անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Դավիդ Սիլվան պաշտոնական հանդիպման է մասնակցել պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուց երեք տարի անց:
40-ամյա իսպանացին «Սատհին» ակումբի կազմում գոլի հեղինակ է դարձել Հոնկոնգի առաջնության խաղում՝ 11-մետրանոց հարվածով գրավելով «Հոնկոնգ Ռեյնջերսի» դարպասը: Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: Սիլվան խաղադաշտում անցկացրել է 84 րոպե:
Դավիդ Սիլվան ավելի վաղ հայտարարել էր, որ միայն մեկ խաղի է մասնակցելու «Սատհինի» կազմում:
Հիշեցնենք, որ իսպանացի կիսապաշտպանը 2023 թվականին էր ավարտել կարիերան: «Մանչեսթեր Սիթիից» բացի, նա հանդես է եկել նաև իսպանական «Սելտայում», «Էյբարում», «Վալենսիայում» ու «Ռեալ Սոսիեդադում»: Իսպանիայի հավաքականի կազմում Սիլվան դարձել է աշխարհի չեմպիոն ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն։
Դավիթ Եղիազարյան