Թաղման նպաստի վճարման կարգը նույնը թողնելու և նախագիծը չեղարկելու մասին որոշումը նշանակում է, որ 2027 թվականի հունվարի 1-ից 1000 դրամով չի բարձրանա կենսաթոշակը, ինչի մասին նախապես հայտարարվել էր։ Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Աշխատանքի և բարեկեցության նախարարությունից։
«Քանի որ, ի սկզբանե հանրային քննարկման ներկայացված նախագիծը ենթադրում էր, որ թաղման նպաստները պետք է առավել թիրախային դառնային՝ ընդգրկելով միայն սոցիալապես անապահովներին, ինչը ենթադրում էր, որ այն բերելու էր բյուջետային միջոցների ազատման, որը նախատեսվում էր ուղղել կենսաթոշակների բարձրացմանը։ Բայց, քանի որ թաղման նպաստի կարգի փոփոխությունները չեն կատարվում և նախագիծն ԱԺ չի ուղարկվելու, հետևաբար բյուջետային միջոցներ չեն ազատվելու և կենսաթոշակներին ուղղվող 500-1000 ավելացումները ևս չեն իրականացվելու։ Թաղման նպաստի վճարման կարգի փոփոխման նախագիծը դրվել էր հանրային քննարկման, այդ արձագանքները հաշվի առնելով՝ հանգել ենք նախագծի չեղարկման»,- մանրամասներ ներկայացրեց նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը։