Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից

Հասարակություն

09.11.2026 | 14:29

Թաղման նպաստի շահառուների շրջանակը սահմանափակելու և այն առավել հասցեական դարձնելու նախաձեռնությունը չեղարկվել է. գործող կարգում որևէ փոփոխություն չի կատարվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութով հայտնել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարի խոսքով՝ հանրային քննարկման դրված օրենսդրական փոփոխությունների նախագիծը լայն արձագանք էր ստացել, ինչից հետո հարցը քննարկվել է նաև Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։

«Ուսումնասիրելով հանրային արձագանքները և քննարկումներ ունենալով ԱԺ մեր գործընկերների հետ՝ որոշում ենք կայացրել այդ մասով նախաձեռնությունն առաջ չտանել։ Այսինքն՝ որևէ փոփոխություն չի իրականացվի, և այն բոլոր քաղաքացիները, որոնք այսօրվա կարգավորումներով ստանում էին այդ նպաստը, կշարունակեն ստանալ»,- նշել է նախարարը։

Թորոսյանը հավելել է, որ հանրային քննարկման ներկայացված օրենքի նախագիծն Ազգային ժողով չի ուղարկվի, և ոլորտում կպահպանվեն գործող իրավակարգավորումները։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Արսեն Թորոսյանը հայտարարել էր թաղման նպաստի տրամադրման կարգը փոխելու նախաձեռնության մասին։ Նախատեսվում էր 2027 թվականի հունվարի 1-ից 200 հազար դրամի չափով թաղման նպաստը տրամադրել միայն անապահովության նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամի մահվան դեպքում՝ այդպիսով զգալիորեն կրճատելով շահառուների շրջանակը։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ 2025 թվականին թաղման նպաստ էր ստացել 21 768 շահառու, մինչդեռ նոր կարգի ներդրման դեպքում 2027 թվականին կանխատեսվում էր ընդամենը 300–400 շահառու։ Այսպիսով՝ նպաստ ստացողների թիվը կարող էր կրճատվել շուրջ 98 տոկոսով։

Թորոսյանը պարզաբանել էր, որ փոփոխության նպատակն ավելի հասցեական աջակցություն տրամադրելն է, իսկ համապատասխան միջոցներն ուղղվելու էին կենսաթոշակների բարձրացմանը։ Նախարարի ներկայացմամբ՝ 2027 թվականին նվազագույն կենսաթոշակը նախատեսվում էր 46 հազարից բարձրացնել մինչև 47 հազար դրամ, իսկ կենսաթոշակների բարձրացման համար լրացուցիչ հատկացնել շուրջ 5,5 մլրդ դրամ։

Leave a comment