Քաղաքականություն
09.11.2026 | 14:36
Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է TRIPP նախագծի վերաբերյալ Հայաստանի խորհրդարանի վերջին որոշմանը և այս նախագծի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման վերաբերյալ հարցին, և թե արդյոք Իրանը միջազգային սահմանների պահպանման վերաբերյալ իր դիրքորոշումները փոխանցել է Հայաստանին։
«Մենք միշտ ողջունել ենք հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը: Մենք միշտ ընդգծել ենք, որ այս ծրագրերը չպետք է հանգեցնեն ճանաչված սահմանների կամ տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխությունների: Մենք, անշուշտ, պարտավոր ենք մտահոգվել արտաքին ուժերի, այդ թվում՝ Միացյալ Նահանգների գործողություններով և չարիքներով, քանի որ փորձը ցույց է տվել, որ Միացյալ Նահանգների ներկայությունն ու մուտքը տարածաշրջան միշտ ուղեկցվել է անկայունությամբ: Հետևաբար, մենք մեր մտահոգությունները հստակորեն հայտնել ենք մեր բարեկամներին Հայաստանի Հանրապետությունում»,- ասել է Բաղային ու հավելել.
«Մեզ վստահեցրել են, որ այս նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները կամ աշխարհաքաղաքականությունը, հայկական ընկերությունները կզբաղվեն շինարարությամբ, և այս տարածաշրջանում ամերիկյան ռազմական ուժեր չեն տեղակայվի։ Միևնույն ժամանակ, չնայած այս հայտարարություններին, մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի Հանրապետության հետ և, անշուշտ, ուշադիր և լիակատար զգոնությամբ կհետևենք զարգացումներին։ Որտեղ էլ որ պահանջեն մեր սեփական և տարածաշրջանի երկրների կոլեկտիվ շահերը, մենք հստակ և թափանցիկ կերպով կարտացոլենք մեր նկատառումները համապատասխան կողմերին»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանը, Միացյալ Նահանգները և Ադրբեջանը հայտարարել էին TRIPP նախագծի շրջանակում տրանսպորտի և էլեկտրաէներգիայի հաղորդման ուղղություններով եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերի գործարկման մասին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի