Երևանի երաժշտական դպրոցներից մեկի տնօրենի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութին անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանը՝ խոսելով անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր կյանքի անձեռնմխելիության և երեխաների անվտանգության հարցերի մասին։
ՄԻՊ-ի խոսքով՝ անկախ հնարավոր հետևանքներից՝ առաջնահերթ պետք է հարգել անձնական տվյալների պաշտպանության և մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքները։ Նա խնդրահարույց է համարել նմանատիպ տեսանյութերի՝ առանց պատշաճ ստուգման և անհրաժեշտ համատեքստի ներկայացման հրապարակայնացումը։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ երաժշտական դպրոցի տնօրենն աշխատում է երեխաների հետ՝ ՄԻՊ-ն ընդգծել է իրավիճակի հանգամանքները պարզելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ պետք է բացահայտել պատճառահետևանքային կապերը, իրականացնել համապատասխան ներքին ծառայողական քննություններ, ինչպես նաև պետական մարմիններից ստանալ անհրաժեշտ տեղեկություններ՝ պարզելու համար՝ արդյոք առկա է երեխաների իրավունքների կամ անվտանգության համար իրական վտանգ։
ՄԻՊ-ը միաժամանակ նշել է, որ հանրային շահից ելնելով՝ խնդիրները պետք է բարձրաձայնվեն, սակայն դա պետք է արվի պատասխանատու կերպով՝ խուսափելով չստուգված տեղեկությունների և անձին միակողմանիորեն թիրախավորող նյութերի տարածումից։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին համացանցում տարածվել էր Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանի մասնակցությամբ տեսանյութ, որում, ըստ հրապարակումների, նա կաթուցիչի միջոցով անհայտ նյութ է ծխում։
Տեսանյութի տարածումից հետո Մկրտչյանը հայտարարել էր, որ այն նկարահանվել է շուրջ 8-9 տարի առաջ՝ ամուսնության ընթացքում, նախկին ամուսնու հեռախոսով։ Տնօրենի պնդմամբ՝ ամուսնալուծությունից հետո նախկին ամուսինն իրեն շանտաժի է ենթարկել՝ սպառնալով հրապարակել տեսանյութը և պահանջելով հրաժարվել համատեղ ձեռք բերված գույքի իր մասնաբաժնից։
Մկրտչյանը հայտնել էր, որ պատրաստվում է հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին՝ խնդրելով չտարածել իր անձնական կյանքին վերաբերող տեսանյութը։
Նոյեմբերի 8-ին Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը նույնպես անդրադարձել էր միջադեպին՝ կոչ անելով հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։ Նա իր աջակցությունն էր հայտնել դպրոցի տնօրենին։
Մանրամասները` տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան