Հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից։ 452-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով նրա կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելը»,- հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից, տեղեկացնում է Aysor.am-ը:
Խորհրդարանում իրավիճակը լարվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Տարոն Չախոյանի ելույթից հետո։ Լարվածությունը վերածվել է ֆիզիկական բախման, որի ընթացքում պատգամավորները հարվածներ են հասցրել միմյանց և նույնիսկ աթոռներ նետել իրար ուղղությամբ։ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը միայն երկարատև ծեծկռտուքից հետո է հայտարարել նիստի ընդմիջում։ Սակայն դրանից հետո ևս միջադեպը չի ավարտվել․ պատգամավորների միջև բախումը նիստերի դահլիճից շարունակվել է խորհրդարանի միջանցքում։