Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) անդամ երկրներում սպառողական գները սեպտեմբերին տարեկան կտրվածքով աճել են 4.5%-ով, հայտնում է կազմակերպությունը։
Օգոստոսի համեմատ գնաճն արագացել է, երբ այն կազմել էր 4.3%։
Գնաճն արագացել է 31 երկրում, դանդաղել՝ չորս պետությունում, իսկ երկու երկրում գների աճի տեմպերը գործնականում չեն փոխվել։ Մասնավորապես, գնաճի արագացում է գրանցվել «Մեծ յոթնյակի» (G7) բոլոր երկրներում՝ բացառությամբ Կանադայի։
ՏՀԶԿ երկրներում էներգակիրների գները սեպտեմբերին տարեկան կտրվածքով աճել են 17.4%-ով՝ նախորդ ամսվա 13.6% աճից հետո։ Սննդամթերքը թանկացել է 2.6%-ով՝ օգոստոսի 2.8%-ի համեմատ։
Սննդամթերքի և էներգակիրների գները չհաշված՝ սպառողական գների աճը (բազային գնաճը) սեպտեմբերին կազմել է 3.7%՝ մեկ ամիս առաջ գրանցված 3.6%-ի դիմաց։
«Մեծ քսանյակի» (G20) երկրներում գնաճն արագացել է՝ օգոստոսի 4.1%-ից հասնելով 4.3%-ի, իսկ G7-ի երկրներում՝ 3.1%-ից հասնելով 3.5%-ի։
1961 թվականին հիմնադրված ՏՀԶԿ-ն աշխարհի առաջատար տնտեսական կազմակերպություններից մեկն է, որը միավորում է 38 պետություն։ Ներկայումս դրա կազմում են Ավստրալիան, Ավստրիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Գերմանիան, Հունաստանը, Դանիան, Իսրայելը, Իռլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Իտալիան, Կանադան, Կոլումբիան, Կոստա Ռիկան, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մեքսիկան, Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սլովակիան, Սլովենիան, ԱՄՆ-ը, Թուրքիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Չեխիան, Չիլին, Շվեյցարիան, Շվեդիան, Էստոնիան, Հարավային Կորեան և Ճապոնիան։