2024 թվականի ամռանը Թայվանի բարերից մեկում լուսանկարվել են Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը և չինացի գործարար կին Ալիս Հուանգը։ ԱՄՆ-ում այժմ ենթադրում են, որ վերջինս աշխատել է Չինաստանի գլխավոր հետախուզական գործակալության համար, իսկ Ջենսեն Հուանգը խոստովանել է, որ նրա հետ արտամուսնական կապ է ունեցել․ այս մասին հայտնել են «The New York Times»-ը և Axios-ը։
Ինչպես հաղորդել է NYT-ը, անցյալ գարնանը Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում շրջանառվել է Ալիս Հուանգի վերաբերյալ հետախուզական տվյալներ պարունակող փաստաթուղթ։ Դրանում նշված է եղել, որ նա լրտեսել է Չինաստանի պետական անվտանգության նախարարության՝ երկրի գլխավոր հետախուզական ծառայության օգտին։ Չնայած նույն ազգանուններին՝ նա և Nvidia-ի գործադիր տնօրենը ազգակցական կապ չունեն։
Ըստ պարբերականի՝ Ալիս Հուանգին հավաքագրել էին Ջենսեն Հուանգի մասին տեղեկություններ հավաքելու նպատակով։ Պեկինը ցանկացել է ավելին իմանալ արհեստական բանականության (ԱԲ) համար նախատեսված ամերիկյան չիպերի մասին։ Բացի այդ, ենթադրվում է, որ նրան օգտագործել են Nvidia-ի վրա ազդելու համար՝ փորձելով հասնել նրան, որ ընկերությունը թույլտվություն ստանա իր ամենահզոր չիպերը վաճառել Չինաստանին։
Հրապարակման մեջ նշվում է, որ ԱՄՆ հետախուզական ծառայությունները առնվազն մեկ տարի էլեկտրոնային հսկողություն են իրականացրել չինուհու նկատմամբ։ Դոնալդ Թրամփը դեռ անցյալ տարի տեղեկացված է եղել Nvidia-ի ղեկավարի հետ նրա կապի մասին, սակայն որոշել է որևէ քայլ չձեռնարկել։
Հստակ հայտնի չէ, թե երբ են նրանք առաջին անգամ հանդիպել։ Ըստ թերթի՝ 2024 թվականին՝ մոտավորապես այն ժամանակ, երբ ի հայտ եկավ նրանց համատեղ լուսանկարը, Ալիս Հուանգի «Megaspeed» ընկերությունը սկսեց միլիարդավոր դոլարների արժողությամբ առաջադեմ AI-չիպեր (արհեստական բանականության չիպեր) գնել։ «Megaspeed»-ը Հարավարևելյան Ասիայում տվյալների կենտրոններ է կառուցում, իսկ դրանց հաշվողական հզորությունները վարձով տրամադրում չինական ինտերնետային հսկա «Alibaba»-ին։ Հրապարակման համաձայն՝ սա միջանկյալ լուծում է, որը Չինաստանին հնարավորություն է տալիս ձեռք բերել «Nvidia»-ի չիպեր, որոնց ուղղակի վաճառքը Չինաստանին ԱՄՆ-ն արգելել է։
Չինաստանի դեսպանատունը «New York Times»-ի հրապարակումը որակել է որպես «անհիմն» և «ոչ այլ ինչ, քան Չինաստանի դեմ ուղղված զրպարտանք»։
Ինչպես նշում է թերթը, Հուանգը տարիներ շարունակ հորդորում էր ԱՄՆ կառավարությանը թույլատրել արհեստական բանականության (AI) տեխնոլոգիաների վաճառքը Չինաստանին։ Նա պնդում էր, որ դա ամերիկյան ընկերություններին հնարավորություն կտա մրցակցել չինական հսկա «Հուավեյի» (Huawei) հետ և դանդաղեցնել վերջինիս զարգացումը։ 2025 թվականին նա համոզեց Թրամփին չեղարկել արգելքը և թույլ տալ «Nvidia»-ին Չինաստան վաճառել ավելի քիչ հզոր չիպ։ Հետագայում կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին ընկերության՝ հզորությամբ երկրորդ տեղում գտնվող չիպի վաճառքի շուրջ, ընդ որում՝ ԱՄՆ-ն ստանում էր հասույթի 25%-ը։
Այս հրապարակումներից հետո Հուանգն ինքը խոստովանել է կատարվածը «Nvidia»-ի աշխատակիցներին ուղղված նամակում։ Ըստ Axios-ի, որի ձեռքի տակ է հայտնվել նամակի սևագիրը։ «Ես պետք է ներողություն խնդրեմ իմ ընտանիքից և բոլորիցդ։ Ես դավաճանել եմ կնոջս։ Իմ արարքները ցավ են պատճառել նրան և մեր երեխաներին։ Իմ արածի համար ոչ մի արդարացում չկա»,- խոստովանել է «Nvidia»-ի գործադիր տնօրենը։
Նա հայտարարել է, որ «լիակատար պատասխանատվություն» է կրում տեղի ունեցածի համար՝ ընդունելով, որ հիասթափեցրել է ընկերության աշխատակիցներին, տնօրենների խորհրդին և բաժնետերերին։
Նույն երեկոյան Դոնալդ Թրամփը հանդես է եկել ի պաշտպանություն Հուանգի։ Երբ լրագրողները հարցրին, թե արդյոք նա իր հետ կտանի «Nvidia»-ի ղեկավարին Ասիա կատարելիք առաջիկա այցի ժամանակ, Թրամփը պատասխանեց։ «Չգիտեմ, բայց ես, անշուշտ, կվերցնեի նրան»։
ԱՄՆ նախագահը հակիրճ է մեկնաբանել սկանդալը։ «Ես չեմ լսել, որ նա որևէ սխալ բան արած լինի։ Նա սիրավեպ է ունեցել ինչ-որ մեկի հետ, բայց, գիտեք, բոլորն էլ այդպես են անում», — հավելեց Թրամփը։