Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ

Երևանը կրկին փորձեր է ձեռնարկում իր ընդունած որոշումների պատասխանատվությունը բարդել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների վրա։ Այս մասին ՏԱՍՍ-ին  տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի  ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ չնայած ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը սառեցնելուն և անդամավճարները չվճարելուն՝ Հայաստանը դեռևս շարունակում է մնալ կազմակերպության լիիրավ անդամ։

«Մենք Երևանին դուրս չենք թողնում մեր համագործակցությունից՝ գործընկերների համար պահպանելով կազմակերպության շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից փոխադարձ քայլեր չենք տեսնում։ Ավելին՝ կրկին ակնհայտ են ընդունված որոշումների պատասխանատվությունն ուրիշների վրա բարդելու փորձերը»,- ընդգծել է Պանկինը։

Այս կապակցությամբ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը հիշեցրել է, որ «ՀԱՊԿ կանոնադրության դրույթների համաձայն՝ անդամ պետությունը կարող է զրկվել ձայնի իրավունքից՝ մինչև կուտակված անդամավճարների պարտքի ամբողջական մարումը»։

Մեկնաբանելով նոյեմբերի 11-ին Մոսկվայում նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովի ակնկալիքները՝ նա նշել է, որ կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստը «կդառնա կազմակերպությունում Ռուսաստանի նախագահության գագաթնակետը»։

«Մեր պետությունների ղեկավարների հաստատմանը նախատեսվում է ներկայացնել փաստաթղթերի ծավալուն փաթեթ, որն ուղղված է կազմակերպության ներուժի հետագա համակողմանի ամրապնդմանը՝ որպես տարածաշրջանային կայունության պահպանման առանցքային մեխանիզմներից մեկի»,- ասել է Պանկինը։

Բացի այդ, նրա խոսքով, նիստի մասնակիցները նախատեսում են նաև «համաձայնեցնել դիրքորոշումները միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ, ինչպես նաև նախանշել ՀԱՊԿ շրջանակում դաշնակցային համագործակցության հետագա զարգացման հիմնական ուղղությունները»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ նոյեմբերի 5-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանի   հետաքրքրությունները սպառված են։

Իսկ ընթացիկ տարվա օգոստոս ամսին նշել էր, որ շատ գոհ կլինի, եթե կազմակերպությունը որոշի ՀՀ-ին հեռացնել ՀԱՊԿ-ից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment