Քաղաքականություն
09.11.2026 | 15:15
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է Վուլկանեշտի-Քիշնև էլեկտրահաղորդման գծի գործարկման մասին, որը երկիրը կապում է Ռումինիայի և եվրոպական էներգահամակարգի հետ։ Այս մասին նա նոյեմբերի 8-ին գրել է X սոցիալական ցանցում՝ էլեկտրահաղորդման գծի բացման արարողությունից հետո, փոխանցում է Current time-ը։
«Տասնամյակներ շարունակ Մոսկվան էներգետիկան օգտագործել է մեր նկատմամբ շանտաժի համար։ Այժմ դրան վերջ է դրվել․ Մոլդովան ռուսական գազ չի գնում, իսկ մոտ ապագայում շահագործման կհանձնվեն ևս երկու էլեկտրահաղորդման գծեր, որոնք կապելու են մեզ Ռումինիայի հետ։ Շնորհակալություն բոլորին, ովքեր նպաստել են այս ամենին», – գրել է նա։
Սանդուն նշել է, որ «կա ենթակառուցվածք, որը փոխում է ցանցի գործունեության սկզբունքները, և կա ենթակառուցվածք, որը փոխում է երկրի՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողությունը»։
Էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման նախագիծը (PDSE) իրականացվել է Համաշխարհային բանկի և Մոլդովայի կառավարության աջակցությամբ։ Այն նախատեսում էր ոչ միայն Վուլկանեշտիից մինչև Քիշնև մոտ 157 կմ երկարությամբ էլեկտրահաղորդման գծի կառուցում, այլև Քիշնևի ենթակայանի արդիականացում և Վուլկանեշտիի ենթակայանի ընդլայնում։
Էլեկտրահաղորդման գծի թողունակությունը կազմում է մինչև 630 ՄՎԱ, ինչը, ինչպես ավելի վաղ նշել էին Մոլդովայի իշխանությունները, թույլ կտա ապահովել երկրի էլեկտրաէներգիայի սպառման ավելի քան 50 տոկոսը։ Ռումինիայից եկող նոր էլեկտրահաղորդման գիծը Մոլդովային հնարավորություն կտա էլեկտրաէներգիա ստանալ՝ շրջանցելով չճանաչված Մերձդնեստրի տարածքը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի