ԱԺ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանն ու Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը վիճել են ԱԺ հանձնաժողովների նիստում՝ Քրեակատարողական հիմնարկներ համատեղ այցելելու առաջարկի և ՄԻՊ-ի հետ հանդիպում կազմակերպելու շուրջ։
Մանուկյանը նշել է, որ շուրջ մեկ ամիս է՝ փորձում է հանդիպում կազմակերպել Մանասյանի հետ, սակայն իր դիմումներին ի պատասխան՝ տեղեկացվում է, որ պաշտպանը գործուղման է։ Պատգամավորը պահանջել է հստակեցնել՝ առաջիկա 10-20 օրում երբ կարող են համատեղ այցելել «Երևան» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ՝ այնտեղ առկա խնդիրներին և պահման պայմաններին ծանոթանալու համար։
Նա նաև քննադատել է ՄԻՊ գրասենյակի՝ Պուշկինի փողոցի շենքում տեղակայված լինելը՝ առաջարկելով այն տեղափոխել Նոր Նորքի 9-րդ զանգված՝ որպես ավելի հարմար վայր։
Ի պատասխան՝ Անահիտ Մանասյանը դժգոհություն է հայտնել պատգամավորի խոսելաոճից՝ այն որակելով քրեական ենթամշակույթին բնորոշ։ Նա ընդգծել է, որ գործուղումների նպատակն այլ տարածաշրջաններում մարդու իրավունքների պաշտպանության զարգացումներին և համապատասխան հաստատությունների գործունեությանը ծանոթանալն է։
Մանասյանը նաև հայտարարել է, որ Մանուկյանի օգնականը, իր օգնականի հետ զրույցը ձայնագրելով՝ առանց նախապես տեղեկացնելու, հնարավոր է՝ խախտել է անձնական տվյալների և մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի հետ կապված չափանիշները։
Ինչ վերաբերում է ՔԿՀ-ներ համատեղ այցին՝ ՄԻՊ-ը նշել է, որ իր հաստատության այցերը պետք է համապատասխանեն անկախության չափանիշներին, և դրանց իրականացման եղանակն ինքն է որոշում։ Նա նաև պարզաբանել է, որ ՄԱԿ-ի չափանիշներով՝ ՄԻՊ հաստատությունը պետք է գտնվի քաղաքի կենտրոնում՝ հանրային տրանսպորտի կանգառներին մոտ, ուստի Նոր Նորք տեղափոխվելու առաջարկն ընդունելի չէ։
Քննարկմանը միջամտել է նաև ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ նշելով, որ ՄԻՊ-ի և պատգամավորների համատեղ այցը ՔԿՀ-ներ չպետք է խոչընդոտի հաստատության անկախությանը։ Նա հիշեցրել է քրեակատարողական հիմնարկներում առկա ծանր վիճակի մասին՝ նշելով, որ նախորդ տարի արձանագրվել է 28 մահ, որից 10-ը՝ ինքնասպանության դեպք։
Մանասյանն իր հերթին ընդգծել է, որ ՔԿՀ-ներում առկա խնդիրներն արդեն մանրամասն ներկայացված են ՄԻՊ տարեկան զեկույցներում, իսկ դրանց լուծման պատասխանատվությունը պետական իշխանություն ունեցող պատգամավորներինն է։
Մանրամասները` տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան