Մոլդովան ամբողջությամբ հրաժարվել է ռուսական գազից. Մայա Սանդու

Մոլդովան դադարեցրել է ռուսական գազի բոլոր գնումները, հայտարարել է նախագահ Մայա Սանդուն՝ երկրում էներգետիկ ճգնաժամի և վառելիքի գների աճի ֆոնին։

Նույն հայտարարության մեջ Սանդուն որպես իր վարչակազմի ձեռքբերում առանձնացրել է դեպի Ռումինիա էլեկտրահաղորդման գծի գործարկումը, ինչը, սակայն, կհանգեցնի նաև էներգիայի ծախսերի աճին։ «Մենք գործարկել ենք Վուլկանեշտի-Քիշնև էլեկտրահաղորդման գիծը, որը Մոլդովայի Հանրապետությունը կապում է Ռումինիայի և եվրոպական էներգահամակարգի հետ։ Մոլդովան ռուսական գազ ընդհանրապես չի գնում, իսկ դեպի Ռումինիա տանող ևս երկու էլեկտրահաղորդման գիծ արդեն նախապատրաստման փուլում է»,- գրել է Մոլդովայի նախագահը X սոցիալական հարթակում։

Վուլկանեշտի-Քիշնեւ էլեկտրահաղորդման գծի նախագիծը ֆինանսավորվել է Համաշխարհային բանկի կողմից տրամադրված 61 միլիոն եվրո վարկի միջոցով։ Այն նպատակ ունի աստիճանաբար փոխարինել Մերձդնեստրում գտնվող Մոլդովական պետական ​​շրջանային էլեկտրակայանից (Մոլդավսկայա ԳՐԵՍ) ստացվող մատչելի էլեկտրաէներգիան (որը պատկանում է ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերությանը) Ռումինիայից ներկրվող ավելի թանկ էլեկտրաէներգիայով։

Իր գրառման մեջ Մոլդովայի ղեկավարը նաև նոր մեղադրանքներ է հնչեցրել Մոսկվայի հասցեին՝ խոսելով «էներգետիկ շանտաժի» մասին։

Թե՛ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, թե՛ «Գազպրոմ»-ը բազմիցս հերքել են Քիշնեւի նման պնդումները՝ նշելով, որ Ռուսաստանը տասնամյակներ շարունակ հուսալիորեն ապահովել է երկիրը մատչելի էներգիայով և խստորեն կատարել իր պայմանագրային պարտավորությունները։ Նրանց պնդմամբ՝ հենց Մոլդովայի իշխանություններն են Արևմուտքի հրահանգով քանդել փոխշահավետ համագործակցությունը՝ ի վնաս սեփական քաղաքացիների։

Ուկրաինայի կողմից դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցումը դադարեցնելու որոշումից, ինչպես նաև «Գազպրոմ»-ի հանդեպ ունեցած պարտքը մարելուց Քիշնեւի հրաժարվելուց հետո, թե՛ Մոլդովան, թե՛ Մերձդնեստրը հայտնվել են առանց բնական գազի մատակարարման։ Մինչ Մոլդովային հաջողվել է էներգիա ձեռք բերել եվրոպական երկրներից (ինչը, սակայն, հանգեցրել է բնակչության համար կոմունալ ծառայությունների սակագների բարձրացմանը), Տիրասպոլը բախվել է գազային լիակատար շրջափակման։ Մերձդնեստրը ստիպված է եղել իրականացնել էլեկտրաէներգիայի հերթափոխային անջատումներ, իսկ բազմաբնակարան շենքերից շատերը մնացել են առանց ջեռուցման և տաք ջրի՝ այն դեպքում, երբ դրսում ջերմաստիճանը իջել է զրոյից ցածր։

Leave a comment