Տևական ժամանակ է՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Քոչարյան փողոցի մի քանի շենքերի բնակիչների չեն կարողանում ստանալ հստակ պատասխան, թե ի վերջո ո՞ր կառույցի դուռը գնան, որպեսզի այդ ամբողջ թաղամասը փրկեն գարշահոտից։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ խնդիրը երկար ու ձիգ տարիների պատմություն ունի, իսկ խնդրի լուծման բանալին չգիտեն ում մոտ է։ Դիտահորից դուրս թափվող կեղտաջուրն, իր ամբողջ պարունակությամբ, ողողում է մի քանի շենքերի բակեր՝ լցվելով անգամ մուտքեր, երեխաների համար անանցանելի դարձնելով նաև խաղահրապարակները։
Բնակիչներն ուր ասես դիմել են, էլ «Վեոլիա ջուր», էլ Նոր Նորքի թաղապետարան, սակայն հարցը վերջնականապես չի լուծվում։
Ճիշտ է, մի քանի անգամ «Վեոլիա ջրի» մասնագետները ժամանել ու խցանումը վերացրել են, բայց մեկ շաբաթ հետո նույն պատկերն է։ Խնդիրը պետք է լուծվի հիմնովին։ Պետք է դեռ սովետական տարիներից անցկացված կոյուղատարերը փոխվեն, քանի որ այդ կոյուղատարերին այնքան շենք-շինությունների, օբյեկտների կոյուղատարեր են միացվել, որ «ուժն էլ չի պատում» կեղտաջուրը կոյուղատարով տանել, ինչի համար էլ բնակիչները հույսով դիմում են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որպեսզի ինքը միջամտի ու հարցը լուծվի։
Բնակիչները նաև նշում էին, որ առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններ են լինելու. հետաքրքիր է՝ ի՞նչ երեսով են քաղաքապետարանի ու թաղապետարանի աշխատակիցները գալու ու իրենցից քվե խնդրելու։