ՌԴ կողմից չձեռնարկված քայլերի մասին խոսելը նշանակում է խեղաթյուրել ճշմարտությունը․ Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին

Քաղաքականություն

ՌԴ կողմից չձեռնարկված քայլերի մասին խոսելը նշանակում է խեղաթյուրել ճշմարտությունը․ Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի՝ 2020 թվականի արցախյան պատերազմի վերաբերյալ հայտարարություններին։ Սիմոնյանը, մասնավորապես, նշել էր, որ պատերազմի թեժ փուլում դիմել էին ռուսական կողմին՝ խնդրելով կանգնեցնել պատերազմը, սակայն Ռուսաստանը, նրա խոսքով, որևէ գործուն քայլ չէր ձեռնարկել։

«ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը, Մոսկվա ժամանելուց առաջ, որոշել է հայտարարել, թե ռուսական կողմը, իբր, ոչինչ չի արել 2020 թվականի աշնանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սուր փուլի ընթացքում։

Մեջբերում եմ․ «Ես բառացիորեն ընկնում էի ռուսների ոտքերը և ասում․ «Մենք ձեր եղբայրներն ենք, ձեր դաշնակիցները, կանգնեցրեք այս պատերազմը»։ Այդ ժամանակահատվածում Ռուսաստանը որևէ գործուն քայլ չէր ձեռնարկում, մինչդեռ մեր տղաները զոհվում էին Լեռնային Ղարաբաղում»։

Չգիտենք՝ ում ոտքերն էր նա այն ժամանակ ընկնում, գուցե մինչ օրս էլ շարունակում է դա անել։ Բայց հենց Ռուսաստանը և ոչ թե մեկ ուրիշը կանգնեցրեց արյունահեղությունը տարածաշրջանում։

2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարությամբ հայտարարվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին։

Սրանք ոչ թե «վերացական քայլեր» էին, այլ կոնկրետ և գործուն միջոցառումներ, որոնց նախորդել էին բարձր մակարդակի բազմաթիվ շփումներ։

Արդյունքում՝ տարածաշրջանում տեղակայվեց Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը։ Մեր խաղաղապահները, այդ թվում՝ սեփական կյանքի գնով, ապահովում էին խաղաղ բնակչության անվտանգությունը, մարդասիրական օգնություն էին ցուցաբերում և զբաղվում ականազերծմամբ։

2021-2022 թվականներին բարձր մակարդակով ձեռք բերված մի շարք եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա տարածաշրջանում խաղաղություն հաստատվեց։ Ստեղծվեց հայ-ադրբեջանական կարգավորման «ճանապարհային քարտեզ», որը ներառում էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի մշակումը, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանազատման գործընթացի մեկնարկը և հումանիտար հարցերի լուծումը։

Ընդգծեմ՝ այս բոլոր պայմանավորվածությունները շարունակում են ուժի մեջ մնալ, և կողմերից ոչ մեկը չի հայտարարել դրանցից դուրս գալու մասին։ Իսկ ներկայումս Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը, որոնց իշխանություններն այժմ նախընտրում են անմիջականորեն աշխատել, առաջ է ընթանում, այդ թվում՝ ռուս միջնորդների առաջարկների հիման վրա։

Հիշեցնենք Սիմոնյանին նաև Պրահան։ Ավելի ստույգ՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը, երբ Եվրոպական միության հովանու ներքո անցկացված գագաթնաժողովում Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի Հանրապետության տարածքի մաս։

Ռուսաստանի կողմից չձեռնարկված ինչ-որ գործուն քայլերի մասին խոսելը՝ միաժամանակ նսեմացնելով ռուս խաղաղապահների ջանքերն ու զոհողությունները, նշանակում է խեղաթյուրել ճշմարտությունը»,- գրել է Զախարովան։

Leave a comment