Աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Ռոզա Բաբայանը մասնակցել է Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում անցկացված «Սփյուռքի ներուժը Հայաստանի զարգացման համատեքստում. բարեգործությունից դեպի երկարաժամկետ ազդեցություն» խորագրով պանելային քննարկմանը, հայտնում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը։
«Քննարկմանը մասնակցել են նաև Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Գևորգ Խրիմյանը, AMAA Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Արեն Դեյիրմենջյանը, «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը, «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը և «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը։
Զրույցի ընթացքում քննարկվել են բարեգործական նախաձեռնությունների երկարաժամկետ ազդեցության ապահովմանը, Հայաստանի զարգացման առաջնահերթություններին դրանց համապատասխանեցմանը, ինչպես նաև Հայաստանի և Սփյուռքի կազմակերպությունների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։
Իր խոսքում նախարարի տեղակալն անդրադարձել է աշխատանքի և բարեկեցության ոլորտում սահմանված առաջնահերթություններին՝ ընդգծելով սոցիալական ռիսկերի վաղ բացահայտման, խոցելիության կանխարգելման և ընտանիքների տնտեսական ակտիվության վերականգնմանն ուղղված ծրագրերի կարևորությունը։
Այս համատեքստում Ռոզա Բաբայանը կարևորել է նաև Սփյուռքի ներուժի ներգրավման դերը` միջազգային փորձի փոխանակման, նորարարական սոցիալական ծառայությունների մշակման, մասնագիտական կարողությունների զարգացման և արդյունավետ մոդելների ներդրման գործում»,-ասված է հաղորդագրության մեջ։