TRIPP նախագիծը միայն ԱՄՆ մեկ վարչակազմի կամ մեկ քաղաքական գործչի հետ կապված նախաձեռնություն չէ, և դրա իրականացման հարցում խնդիրներ չեն լինի։ Այս մասին սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում դեմոկրատների տարած հաղթանակի մասին հարցին։
Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքից Միրան Խաչատուրյանը Սիմոնյանից հետաքրքրվեց՝ արդյոք ԱՄՆ Կոնգրեսի և Սենատի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու դեպքում Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը և տարածաշրջանային անվտանգության հարցերի նկատմամբ մոտեցումները կարող են փոխվել։ Նա նաև հարցրեց է՝ ինչ պատգամ ունի Սիմոնյանը սփյուռքահայերին՝ Հայաստանի հետ կապերն ամրապնդելու և համագործակցությունն առաջ տանելու համար։
Ի պատասխան՝ Սիմոնյանը սփյուռքահային հորդորեց տեղափոխվել Հայաստան և ներդրում ունենալ երկրի զարգացման գործում։
«Ինչո՞ւ կարելի է Հայաստանից գնալ ապրել Լոս Անջելեսում, Բուենոս Այրեսում, Փարիզում կամ Մարսելում, իսկ չի՞ կարելի հետ գալ Հայաստան։ Ինչո՞ւ են Ռուսաստանից ռուսները գալիս այստեղ, հմայված են, ուկրաինացիներն են գալիս՝ հմայված, չինացիներն են արդեն հմայված գալիս, բայց ինչո՞ւ մեր հայերը չեն գալիս Հայաստան»,- հարցրեց նա։
ԱԽ քարտուղարի խոսքով՝ 2018 թվականից ի վեր իշխանության համար անընդունելի է սփյուռքից ֆինանսական միջոցներ խնդրելը։
«Եթե դու պիտի սփյուռքից գումար հավաքես, որ, ենթադրենք, ինչ-որ շենք կառուցես, դա նշանակում է՝ պետությունն առնվազն խախուտ է»,- հայտարարեց Սիմոնյանը՝ հավելելով, որ սփյուռքահայերը կարող են իրենց ներդրումն ունենալ Հայաստանում, այստեղ երեխաներ ունենալ և հարկեր վճարել։
Անդրադառնալով ԱՄՆ-ում քաղաքական իրավիճակին և Թրամփի վարչակազմի հետ հարաբերություններին՝ Սիմոնյանը նշեց, որ ի սկզբանե մտահոգություններ են ունեցել ամերիկյան իշխանության փոփոխության կապակցությամբ, քանի որ Հայաստանի իշխանությունները լավ հարաբերություններ են ունեցել դեմոկրատական վարչակազմի հետ։
Սակայն, նրա խոսքով, հենց Թրամփի վարչակազմի օրոք է ձևավորվել TRIPP նախաձեռնությունը։
«Ես վստահ եմ, որ TRIPP-ը անձամբ Թրամփի բիզնես պրոյեկտը չէ, այն նաև բիզնես պրոյեկտ է պետության համար։ TRIPP-ը Հայաստանի և ԱՄՆ-ի պետության կողմից համաձայնեցված ու հիմնված կառույց է, որը հիմա Ազգային ժողովում վավերացում է անցնում, ուստի կարծում եմ, որ այստեղ որևիցե խնդիր չենք ունենալու»,- բացատրեց Սիմոնյանը։
Հարց տվողը, սակայն, պարզաբանել է, որ իր մտահոգությունը ոչ թե TRIPP-ի բնույթն է, այլ այն, թե արդյոք Թրամփը ներքին քաղաքական խնդիրներով զբաղված լինելու պատճառով կարող է կորցնել հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ։
Ի պատասխան՝ Սիմոնյանը նշեց, որ TRIPP-ը մեկ վարչակազմից կամ քաղաքական գործոնից կախված նախաձեռնություն չէ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան