Լոռու մարզում սպանություն է տեղի ունեցել, կասկածյալը հարևանի տղան է

Երեկ՝ նոյեմբերի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի բաժնում օպերատիվ-տեղեկություններ են ստացվել, որ Վարդաբլուր գյուղի տներից մեկում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Լոռու քրեական և Ստեփանավանի ոստիկանության բաժնի ծառայողները, որտեղ պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածը Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Մնացական Պողոսյանն է, ով մահացել է կրծքավանդակի աջ և ձախ կեսի հատվածներում ստացած «ծակած-կտրած» վերքերից։

Դեպքի մասին ոստիկանության Ստեփանավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի, վարչության պետի տեղակալ Արշակ Կիրակոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քրեական և համայնքային ոստիկանները ու Լոռու մարզային քննչական վարչության քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի ամբողջական մանրամասները պարզելու, կատարողի ինքնությունը ճշտելու և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղցությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մ․ Պողոսյանին դանակի հարվածներ է հասցրել իր հարևանի 19-ամյա տղան, ում քրեական ու համայնքային ոստիկաները տաք հետքերով հայտնաբերել են։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Leave a comment