Հայաստանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Policy and Management Consulting Group (PMCG) միջազգային խորհրդատվական ընկերության ավագ խորհրդատու Արմեն Գրիգորյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում հայտարարել է, որ TRIPP նախագիծը հետաքրքրություն է առաջացնում ոչ միայն ամերիկյան և միջազգային բիզնեսի, այլև Հայաստանում գործող ընկերությունների շրջանում։
Գրիգորյանի խոսքով՝ օգոստոսի 8-ի քաղաքական պայմանավորվածություններից հետո նախագծի շուրջ տարվող աշխատանքներն ակտիվացել են, իսկ գործարար հատվածը սկսել է ուսումնասիրել դրա իրականացմանը մասնակցելու հնարավորությունները։
«Ես տեսնում եմ Հայաստանում գործող շինարարական ընկերություններ և այլ բիզնեսներ, որոնք հետաքրքրվում են, թե ինչ կարող են անել և ինչ հնարավորություններ կան», — նշել է նա։
Գրիգորյանն ընդգծել է, որ ներկա փուլում ամենամեծ հետաքրքրությունը ցուցաբերում են շինարարական ընկերությունները, սակայն հետագայում հնարավորություններ կարող են բացվել նաև արտահանողների, ներմուծողների և շուկայի մյուս մասնակիցների համար։
Նրա խոսքով՝ պետական համակարգից մասնավոր հատված տեղափոխվելուց հետո ինքը որոշակի խզում է նկատել TRIPP-ի քաղաքական ընկալման և տեղերում տիրող իրական պատկերի միջև։ Իր աշխատանքի խնդիրներից մեկը նա համարել է այդ երկու պատկերացումների մերձեցումը, որպեսզի բոլոր կողմերի սպասումներն ու գործնական քայլերն առավելագույնս համապատասխանեն միմյանց։
Պատասխանելով հարցին, թե արդյոք քաղաքական ծրագրերի և տեղում՝ այդ թվում Սյունիքի մարզում առկա իրողությունների տարբերության պատճառով գործընթացը կարող է դանդաղել, Գրիգորյանը հայտարարել է, որ դրա համար հիմքեր չի տեսնում։ Նրա գնահատմամբ՝ նախագծի շուրջ աշխատանքներն ընթանում են ինտենսիվ տեմպերով, իսկ առաջիկայում կարող են ձեռնարկվել նոր քայլեր, որոնք կարագացնեն դրա կյանքի կոչումը։
Բիզնեսի կողմից ցուցաբերվող հետաքրքրությունը նա համարել է TRIPP-ի հաջողության առաջին նշաններից մեկը և համոզմունք հայտնել, որ նախագիծը նոր հնարավորություններ կստեղծի ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ու դրա սահմաններից դուրս գտնվող այլ երկրների համար։
Միևնույն ժամանակ Գրիգորյանը շեշտել է, որ նախագծի իրագործման համար անհրաժեշտ են կառավարության, բիզնեսի և հանրային հատվածի համատեղ ջանքերը։
Նրա խոսքով՝ նախաձեռնությունների գործնական իրականացման հարցում բիզնեսն առանցքային դեր է խաղում, սակայն առանց անհրաժեշտ պայմաններ ստեղծող պետության և հանրային մյուս դերակատարների մասնակցության՝ հնարավոր չէ արդյունքի հասնել։